Այսօր առավոտյան ոստիկանության լրատվականի պատասխանատուի` Աշոտ Ահարոնյանի ֆբ-յան էջից իմացա, որ ոստիկանությունը 11 մլն դրամի օգնություն է պատրաստվում տրամադրել Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիներին: Արդեն երեկոյան լուրերի թողարկումներում շրջանառվեց, որ ՀՀ ոստիկանությունը 20 մլն դրամի օժանդակություն է ցուցաբերել տուժած գյուղացիներին: Ոստիկանության աշխատակիցները փող են հավաքել: Կարծեմ ոստիկանության աշխատակցի աշխատավարձը ամենացածրն է ուժայինների մեջ: Ուզում եմ հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ է աշխատում մեր երկրում պետական մեքենան: Պատասխանատու կառույցներից երևի թե ոստիկանությունը վերջինն էր, որ պիտի էս տեսակի քայլ աներ: Իմ պատկերացրած տրամաբանությամբ այդպես է կարծում եմ: Բայց մեր իրականությունը կարծես այլ տրամաբանություն ունի: Ես էլ ուզում եմ հասկանալ: Այն, որ դեռ տարեսկզբին Վովա Գասպարյանը հայտարարել ու հետևողականորեն հատուկ վերաբերմունքի էր արժանացրել հայ գյուղացուն, դա բոլորը գիտեն, հայտարարեց, որ ճանապարհային ոստիկանությունը պիտի պարզ ասած չնեղացնի իր քրտինքը` գյուղմթերքը քաղաք բերող գյուղացուն. ու էդպես էլ արեցին ոստիկանները. գայլերի դեմ պայքարելու համար որսորդական հրացաններ գյուղացիներին ծրագիրը նույնպես արդյունավետ քայլ էր: Բայց բացի արդյունավետությունից դրանք տեղավորվում էին ոստիկանության գործառույթների շրջանակներում, ուստի և տրամաբանության շրջանակներում: Բայց վերջին շրջանում ինչ-որ այլմոլորակային տրամաբանություն է. տեսեք. վերջին օրերին ճանապարհ փակող գյուղացուն ընդառաջ գնացողն էլի ոստիկանությունն էր, ու ի զարմանս հոռետեսների ականատես եղանք խաղաղ ու անցավ լուծումների, իսկ գյուղացուն իր հունից հանած խնդիրներն առավել քան ցավոտ էին` որդեկորույս գյուղ, ապրուստ կորցրած ամբողջ գյուղ համայնքներ: Ոստիկանության պետը գնաց տուժած գյուղացիների հետ հանդիպման: Լավ, ես հասկանում եմ, երբ գյուղնախարարն է գնում, պարտավոր է գնալ, գնալ ու լուծում տալ, որ փոխվարչապետ կամ կուսակցության ղեկավար կամ անդամ է գնում, բա պիտի գնան, բա ի՞նչ պիտի անեն, ավելին պիտի գնան հետներն էլ պարտադիր դեղ ու դարման տանեն, բա կլոր տարին խոստում է, որ տալիս են մեր գյուղացուն, կլոր տարին աչքները կարոտ գյուղացու ձայնին փորձում էին համակրանքն ու վստահությունը շահել: Թե էդ գնալ-գալուց ինչ առարկայական փոխհատուցում ստացավ գյուղացին, ժամանակը ցույց կտա, բայց անցնող մի քանի ժամը ցույց տվեց, թե ինչ ստացավ գյուղացին կոնկրետ ոստիկանությունից: Էն, որ ոստիկանության պետը իր ասածը արած է դարձնում, առարկայորեն զգում են հիմա բոլորը: Բայց միևնույն է, տրամաբանությունը չեմ կարողանում ըմբռնել: Այն բոլորը քաղաքական դաշտում են, ու քաղաքական են նաև շարժառիթները իրենց գնալ-գալու: Ոստիկանությունը ապաքաղաքական է, ու բնավ էլ ֆինանսական աջակցությունը ոստիկանության գործառույթը չէ: Բայց ինչպես ասում են, էս դեպքում փաստն էլ առերես է: Դե օգնեք ինձ հասկանալ մեր այլմոլորակային ոստիկանների ֆենոմենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել