Յուրաքանչյուր հասարակության մեջ կա մի խավ, որ դեռ չի կողմնորոշվել՝ որ քաղաքական գործչի ետևից գնա, սակայն ժամանակին, ավելի ճիշտ 88-90-ներին, շատ ակտիվ մի քաղաքական գործիչ` Աշոտ Մանուչարյան անունով, կարողանում էր մասսաներ հավաքել, և այդ մասսաների մեջ էին նաև այն մարդիկ, որոնք ընդհանրապես կուսակցականացված չէին և քաղաքականությունից շատ հեռու էին, այսինքն՝ մարդիկ, ովքեր դեռ չէին կողմնորոշվել... Տասնյակ հազարավոր մարդիկ գալիս էին Թատերական հրապարակ զուտ Աշոտ Մանուչարյանին լսելու ակնկալիքով: Եվ իզուր չէր, որ նրա ելույթը Ղարաբաղ կոմիտեն միշտ ամենավերջում էր նախատեսում: Մարդիկ ցրտին ժամերով սպասում էին, թե վերջապես երբ է ելույթ ունենալու այս ժողովրդական հռետորը: Նրա ձայնը ուղղակի հիպնոզացնում էր, և նույնիսկ այն մարդիկ, ովքեր համամիտ չէին Ղարաբաղ կոմիտեի տեսլականի հետ, նրա ելույթից հետո այլ կարծիքի էին հանգում: Նա ուղղակի ապշեցուցիչ էներգետիկայով գերում էր մարդկանց, նրա հետզհետե աճող ինտոնացիան նմանվում էր մի յուրահատուկ ջազային կոմպոզիցիայի, մի խոսքով այս մարդուն հաջողվում էր հավաքել մասսաներ և այդ մասսաներին պահել իր կողքին: Իսկ դա ամեն պատահական քաղաքական գործչի բան չի...
Սակայն այստեղ հարց է ծագում` 
• Թե այդ ի՞նչ պատահեց, որ այսպիսի բարձր կարգի հռետորը դուրս մնաց քաղաքական ակտիվ հարթությունից:
• Ինչպե՞ս եղավ, որ նրա կարիքը այլևս ոչ մի քաղաքական ուժ չի զգում:
• Այդ ի՞նչն է նրա մեջ վանում այսօրվա քաղաքական ուժերին:
• Կա մե՞կը, ով կարող է կասկածի տակ դնել նրա անկաշառ և պարկեշտ լինելը: Պատասխանը միանաշնակ սա է` իհարկե ոչ, քանզի Աշոտ Մանուչարյանը, զբաղեցնելով շատ առանցքային պետական բարձր պաշտոններ, այդպես էլ չվարկաբեկվեց: 
• Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ պետական ատյանները ինչու՞ չեն նրան առաջարկում պաշտոններ, չէ՞ որ նրանք այսպիսի անկաշառ մարդկանց մեծ դեֆիցիտ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել