

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են քննվել Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը և Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատական գործերը: Նշված 3 քաղաքացիական գործերն էլ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին են:
Ի դեպ, այս 3 գործերը դատարան վարույթ են ընդունվել 2012թ. հոկտեմբերի 10-ին և առ այսօր գտնվում են դատաքննության փուլում:
Մասնավորապես՝ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով հայցվորը պահանջում է իրեն հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել, իսկ թե ինչ միջոցով՝ հայցվորի ներկայացուցիչը թողել է դատարանի հայեցողությանը:
Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին դատական հայց է ներկայացել ընդդեմ Հրանուշ Խառատյանի:
Պատասխանողի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանի խոսքով՝ հայցի առարկան հետևյալն է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գործն արդեն դատարանում է եղել, Հրանուշ Խառատյանը հարցազրույցի ժամանակ Ռուբեն Հայրապետյանին ուղղված արտահայտություն է արել, ասելով. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան, ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:
Հայրապետյանին խոցել է այս արտահայտությունը և բացի հրապարակայնորեն ներողություն խնդրելուց, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել: Այսինքն՝ Հայրապետյանն իրեն ուղղված վիրավորանքը գնահատել է 1մլն դրամ:
Այս գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 13-ին և այժմ գտնվում է դատաքննության փուլում: Մինչև այս պահը ո՛չ Հայրապետյանը և ո՛չ էլ նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցել:
Հաջորդ գործը Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի է, այս գործով ևս Ռ. Հայրապետյանը և նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցում, այդ իսկ պատճառով մարտի 21-ի դատական նիստին դատարանը որոշեց պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին ներկայանալ նիստերին:
Պետք է նշենք, որ դատարանի պարտավորեցումը չօգնեց՝ նրանք այդպես էլ չներկայացան նշանակված նիստին, որի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը հանդես է եկել միջնորդությամբ` հայտարարելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հաջորդ դատական նիստին ևս չներկայանա և բացատրություն կամ ցուցմունք չտա, ապա ըստ էության դա կնշանակի, որ նա հայցն ընդունում է. այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը դիտավորությամբ վիրավորել է Դավիթ Սանասարյանին:
Կարապետ Բադալյանը ավելի վաղ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել էր, որ նրանց չգալը իրենց իսկ բացասական իրավական հետևանքներ կառաջացնի:
Այս գործով հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով ևս հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները: