Վերջին շրջանում մեր հասարակությունն ավելի սուր պոլեմիկայի մեջ է մտել և ասես բաժանվել է երկու ճամբարների՝ եվրոպամետների և ռուսամետների: Չեմ կարող ասել, որ պատկանում եմ դրանիցից մեկնումեկին, բայց ինձ իրոք զարմացնում է «եվրոպամետների» հիմնական փաստարկը, թե բա տեսեք, Եվրոպայում ինչ լավ կենսամակարդակ է մարդկանց մոտ, և դա նրանից է, որ իրենք եվրոպական արժեքների են դավանում...
Նախ, եկեք հասկանանք, որ եվրոպական արժեքներ ասվածի այսօրվա ընկալումը Եվրոպայի բարեկեցությունը դույզն իսկ չի լավացրել, առնվազն ֆինանսական տեսակետից: Եկեք չմոռանանք, որ Եվրոպան ընդհուպ մինչև 1960-ականները որպես գաղութ էր պահում ողջ Աֆրիկան ու Ասիայի մեծ մասը, և դա շարունակվում էր դարերով, իսկ գաղութներ ունենալը ոչ միայն ինչ-որ աշխարհաքաղաքական թիթիզություն էր, այլ ուներ հստակ առավելություններ՝ գաղութներից հոսող փողերի ու ռեսուրսների գետերի տեսքով: Եվ սա շարունակվում էր ոչ թե հինգ տարի, ոչ թե տասը տարի, ոչ էլ հարյուր: Գաղութային քաղաքականությունը ապրեց մոտ 500 տարի և գաղութատեր պետությունները այդքան ժամանակ կուտակում էին իրենց գաղութներից ստացված հարստությունները մետրոպոլիաներում: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ օրինակ Պորտուգալիան, չունենալով երևելի բյուջե, միևնույն է, մտնում է ոսկու պաշարներով ամենահարուստ երկրների տասնյակի մեջ՝ հարավ-ամերիկյան հնդկացիների ականջը կանչի...
Այսինքն՝ ոչ մի կապ չունի, թե ոնց են եվրոպացիները վերաբերվում իրենց հասարակության փոքրամասնություն կազմող խմբերին, նրանց եկամուտները գոյացել են հիմնականում մարդու իրավունքներին հակասող եղանակներով: Բացի դրանից, խոսելով եվրոպական սոցիալական բարեկեցության մոդելից, պետք է քաջ գիտակցենք, որ սոցիալական ռեֆորմները սկսվեցին Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո, երբ ողջ Եվրոպայով գլորվեց սոցիալական բունտերի ալիքը, և եվրոպական վերնախավը, սարսափած Ռուսաստանում բոլշևիկների ունեցած հաջողությունից և համաշխարհային հեղափոխություն կազմակերպելու ամբիցիաներից, ստիպված գնաց մի շարք զիջումների՝ հասարակ բնակչությանը...
Այնպես որ, եկեք պատրանքներից ազատվենք՝ եվրոպական արժեքներին ծառայեցնելով մեր պետական ու ազգային շահը՝ մենք բացի նոր որակի գաղութ դառնալուց ոչ մի բանով չենք մոտենա Եվրոպային, էլ չասեմ, որ կենսամակարդակը դրանից չի բարձրանա, իսկ եթե այնուամենայնիվ ուզում ենք հարստացման եվրոպական մոդելը, ապա պետք է եսիմ որտեղից գաղութներ ճարենք մեզ, մի քանի դար հարստությունը էդ գաղութներից բերենք Հայաստան, հետո էլ որոշակի սոցիալական բարեփոխումներ իրականացնենք...
Իրատեսակա՞ն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել