Նոր նայեցի «Կորուսյալ սերնդի» մասին հերթական սյունակը։ Ձևակերպումն ու ներամբիոնային մեր գյալաջիները ինձ ծանոթ է նվազագույնը 2006-ից։ Դրանից առաջ էլ՝ հաստատ։


Զգացումը ծանոթ է, երբեմն չափազանց ծանոթ, հատկապես, երբ զգում ես, որ գնում են լավագույն ջանքերը ինչ-որ մատյան լրացնելու ու նման հազար-հազարավոր մանր-մունր գործողությունների վրա, որոնց ներհամակարգային նշանակությունն է թեև միայն պարզ, ո՛չ բովանդակությունը, առավել ևս՝ իմաստը։

Երբ չես զգում գործի կարևորությունը, որին անմիջականորեն մասնակից ես, հետո ինչ որ ժամանակ անց ամեն ինչ քեզ թատրոն է թվում ու բնականաբար սկսում ես ընդդինամալ, որովհետև դերասան չես՝ թատրոն սիրում ես, բայց ոչ իրական կյանքում, դերասանությունն էլ քեզանից հեռու է։

Ու հետո սկսում ես քեզ տալ պատեպատ, երբեմն նաև իրական պատերով։ Ստացվում է, չի ստացվում, զայրանում ես, բողոքում, էլի զայրանում, էլի ճակատդ սկսում է ցավել, հետո ասում ես՝ հէրն էլ անիծած՝ թատրոն եմ խաղում, բայց դե դերասան չես ...  ու նորից։

Ու հետո սկսում ես մտածել բախտ որոնելու մասին, բախտը, որն ամենուր է ու ոչ քո մոտ։ Չգիտես ուր է, դրա համար էլ որոնում ես։ Բայց թե բախտն էլ անհայտ տեղերում թաքնվելու բնավորություն ունի ու նա երբեմն թատրոն ու դերասաններ է սիրում, իսկ դու էլի դերասան չես։

Ու հետո որոշում ես հակառակ կողմից գալ ու իմաստ տեսնել։ Ու սկսում ես իմաստ փնտրել այն ամենի մեջ, ինչ կա շրջապատում, անգամ քարերի, հողի, համի, հոտի, թիկունքը արևին տալու ու էլի չգիտեմ ինչի մեջ։ Ու հետո ստացվում է, որ Արաքսի այս կողմում ծիրանը աշխարհի ամենահամովն է, իսկ մյուս ափում՝ հէչ համով չէ։ Սա արդեն ուրիշ թատրոն է, որն անգամ անիրական կյանքում նայել չես էլ ուզում։

Ու հետո ... ու հետո չգիտեմ ինչ։

Սերունդներից յուրաքանչյուրը կարող է իրեն կորուսյալ համարել, սա ուրիշ ֆենոմեն է. ո՛չ հիմա ու ո՛չ այստեղ։

Ուրբաթ առավոտ, Մարատ

Հ.Գ. Ու երբ գրում էի թե նա, որ իրեն ուզում է քաղաքականությունում տեսնել, պիտի կարողանա քաղաքացուն ու հասարակությանը կյանքի նոր իմաստ առաջարկել, հենց այնպես չէր։ Թե չէ հենց այնպես հավատալ, պահանջել, վստահել ու հիմա վճռական է, որ հիմա կարող ենք փոխել ու ... ու ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել