Իշխող Հանրապետական կուսակցությունն այս նախընտրական շրջանում ինչ հիմնավոր ու անհիմն փաստարկ ասես, որ չի գտնում իր վերարտադրությունը հիմնավորելու համար: Դրանցից հիմնականը նշելով, որ մենք նիրհող պատերազմի մեջ ենք, ուստի Գերագույն գլխավոր հրամանատարին փոխելը սխալ է: Եվ որպեսզի դա ավելի համոզիչ թվա, ԵԿՄ համագումարի ժամանակ Մանվել Գրիգորյանը փորձեց իր պաշտպանելը Սերժ Սարգսյանին հիմնավորել հենց այդ հանգամանքով պայմանավորված, նշելով, որ ընտրությունների ժամանակ իրենք պատրաստ են ոչ միայն սատարել իրենց Գերագույն գլխավոր հրամանատարին, այլև անվերապահորեն կատարել նրա հրամանները: 
Այս անհամոզիչ փաստարկին փորձեմ հնարավորինս սեղմ հակափաստարկս ներկայացնել: Պատերազմական գործողությունների բուն ընթացքի ժամանակ մեր երկիրը համարվում էր տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը՝ ժողովրդավարության կղզյակ դիպուկ բնորոշմամբ: Իսկ ընտրակեղծիքներն ու իշխանության բռնազավթումը սկասվեց պատերազմի ավարտից հետո. առաջին իսկ խորհրդարանական ընտրություններով, այնուհետև նախագահական՝ 1995-1996թթ.: Այսինքն մենք պատերազմում հաղթեցինք, երբ անգամ կայացած բանակ չունեինք, հաղթեցինք ժողովրդի կամքով ու մեր կամավորների արյան գնով, հաղթեցինք, քանի որ մեր ժողովուրդն իրեն երկրի տեր էր զգում: Հասարակության մեջ այսպիսի ահագնացող շերտավորում չկար. ոչ մեկը չէր ասում, ով թալանել է, նա էլ թող գնա ու իր թալանածը պահի: Կնշանակի, եթե Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի, չի կարելի լիովին հույս դնել ազգի ոգու վրա, քանի որ հիմա արդեն հայրենիքի պաշտպանությունը դարձել է օրվա իշխանության պարտականությունը, իսկ դա նշանակում է, որ այդ պատերազմում կհաղթի նա, ում բանակն ավելի պատրաստված է: Իսկ բարոյահոգեբանական մթնոլորտի առումով մեր և ադրբեջանցիների մոտ վիճակը հավասարվել է, երկրում տիրող մթնոլորտի պատճառով ընդհանրապես ու բանակում տիրող բարքերի՝ մասնավորապես: Ուստի այս պատերազմում նկատելիորեն զիջելու ենք մեր ստարտային առավելության բնագծերը: Մնում է միայն հույսը դնել նրա վրա, որ մենք կլինենք պաշտպանվող կողմը, կնշանակի հարձակվողին ավելի մեծ ռեսուրսներ են հարկավոր: Բայց տարին տարու վրա Ադրբեջանի ռեսուրսներն աճում են այնպիսի տեմպով, որ շուտով այդ առավելությունն էլ կկորցնենք: Եվ պատահական չէ, որ 1994թ.-ին Ադրբեջանի ղեկավարությունն աղերսում էր միջազգային հանրությանը, որ միջնորդեն, որպեսզի մենք կրակը դադարեցնենք ու խաղաղության պայմանագիր ստորագրելուն համաձայնվենք, իսկ արդեն վերջերս մեր երկրի նախագահն էր դիմում միջազգային հանրությանը, որպեսզի նրանք Ադրբեջանին հորդորեն, որ նա հրաժարվի ուժ կիրառելու մտքից և համաձայնվի հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Եվ վերջապես՝ զինադադարից անցել է 18 տարի, ուրեմն ի՞նչ, եթե այս չդադարող սառը պատերազմը շարունակվի մենք այդքան տարի Գերագույն գլխավոր հրամանատարին չե՞նք փոխելու: Սա ինչ աբսուրդ է: Գերագուն գլխավոր հրամանատարն անձ չէ՝ ինստիտուտ է, այն պարզ պատճառով, որ ՀՀ նախագահն է ինստիտուտ է, և ով լինի օրվա նախագահը նա էլ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությամբ՝ Գերագույն գլխավոր հրամանատարն է: Այսինքն՝ հայտնի արտահայտության տրամաբանությամբ՝ պետք է ծառայել ոչ թե թագավորին այլ թագին, իսկ դրա տրամաբանական շարունակությունն ակնհայտ է՝ մեռավ թագավորը, կեցցե թագավորը: Քանի որ հասկանալի պատճառներով թագն անտեր չի մնում: Այնպես որ միայն հայոց փառապանծ արծիվ Խաչիկ Ասրյանին է կարելի իր ծառայամտությամբ հակասությունների մեջ խճճվել՝ Սերժ Սարգսյանին դարձնելով ինստիտուցիոնալ կառույց: Համ ասել, որ հայոց նախագահը բացարձակ արժեք է, համ էլ մի նախադասություն հետո ասել, որ որտեղ Սերժ Սարգսյանը, այնտեղ էլ ինքը, եթե անգամ նա նախագահ չլինի: Դե արծիվների երամ բնության մեջ, որքան գիտեմ, չի լինում, ուրեմն պարոն Ասրյանին թողնենք իր հպարտ մենակության մեջ և խորհենք այն մասին, որ իշխանության բռնազավթման որևէ արդարացում չի կարող հարգելի համարվել, որ երկրի պահապանը մարդն է, իսկ նա պետք է իրեն երկրի տեր զգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել