Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներողություն է խնդրել` հայտարարությունը տեղադրելով քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
«Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի՝ ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը, եւ ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:
Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:
Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով եւ հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»,- ասված է քաղաքապետի հայտարարության մեջ:
Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ եւ աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ եւ տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք օնլայն» էլեկտրոնային էջում հրապարակել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր. Վանաձորի քաղաքապետ» վերնագրով հոդվածը, որտեղ պարզաբանել էր Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը եւ նշել. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»: Իսկ լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչթյյան ընթացքում եւ քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչեւ +1»:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տված բացատրություններում Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը նշել է, որ լրագրողի տված հարցին պատասխանելիս ոչ տեղին օգտագործել է «անգիտակից» բառը` բնավ մտադրություն չունենալով վիրավորել որեւէ մեկի, առավել եւս հանրության մի մասի ինքնասիրությունը:
Աղբյուրը՝ news.am