ՄԵԿ
Մեկը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ քանակությունը»: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասաց՝ մեկ, թե՞ ուրիշ մի բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ: Պարզվում է՝ ամենաառաջին թվականը մեկ-ը չէր, այլ մի-ն: Մի նշանակել է և նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել և այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաև բայի ժխտական ձևերի հետ՝ ոչ մի (չշփոթել մի՛ արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձևերը՝ մի՛ գնա, մի՛ մնա և այլն):
Ներկայանում է տարբեր ձևերով. մի, որից՝ միաբան, միամիտ, միագույն և այլն: Հետաքրքիր է, որ միանալ սկզբնապես նշանակել է «սրտում տպավորվել», հետագայում արդեն՝ «մեկ դառնալ, իրար հետ ձուլվել», փոխաբերական առումով՝ «համաձայնել, ամուսնական կապի մեջ մտնել»: Այսինքն՝ այսօրվա իմաստով միանալու համար անհրաժեշտ է միանալ նախնական իմաստով՝ սրտում տպավորվել: Ինչքա՛ն իմաստուն են մեր բառերը:
Հաջորդ ձևն է մե, որը այն բարդությունների սկզբում է, որոնք բաղաձայնով են սկսվում: Առաջացել է հին միա ձևից: Գիտենք, որ ի ձայնավորը, միանալով ա-ի հետ, տալիս է ե (այգի + ա + կութ = այգեկութ, գարի + ա + հաց = գարեհաց): Այսպես է կազմված, օրինակ, մեր մեկուսի բառը: Սկզբնապես եղել է մի + ա + կուսի՝ մի և կույս (կողմ) բառերից, այսինքն՝ «մի կողմ քաշված, առանձնացած»:
Բոլորիս հայտնի է մեկնաբանել «պարզաբանել, բացատրել, ծանուցանել» բառը: Արդյոք նա կապ ունի՞ մի (մեկ) բառի հետ: Պարզվում է՝ այո՜: Ունեցել ենք մեկին բառը՝ «մեկ, միակ, պարզ, հայտնի» նշանակություններով, որից էլ մեկնել՝ «բաժանել, ջոկել, պարզաբանել, բացատրել», այսինքն՝ մեկ-մեկ դնել, զատ-զատ դնել, ջոկ-ջոկ դնել: Մեկնել-ը ունի նաև «տարածել, սփռել» իմաստները, որից էլ, ամենայն հավանականությամբ, այսօրվա իմաստը՝ «մի տեղից դուրս գալ, դիմել դեպի մի տեղ, գնալ, անցնել»: Մեկը ամենափոքր միավորն էր, ամենապարզը, ամենահասկանալին. եթե մեկ-մեկ բաժանվում էին առարկաները, ամեն ինչ պարզ էր դառնում, հայտնի էր դառնում: Այստեղից էլ, փոխաբերական իմաստով, այսօրվա մեկնաբանել, մեկնել բառը: Ի տարբերություն երկու-ի, որը կասկածանքի մեջ էր գցում մարդուն. երկուանք՝ «կասկածանք»: Մեկ-ի դեպքում ամեն ինչ պարզ է, երկուս-ի դեպքում արդեն պիտի ընտրես, իսկ որտեղ ընտրություն՝ այնտեղ կասկածանք: Մյուս ձևն է միակ՝ կազմված մի բառից ակ մասնիկով: Հենց այս միակ բառից է, որ սղմամբ ստացվել է մեր այսօրվա մեկ բառը: Ու՞մ մտքով կանցներ, որ մեկ բառը ածանցավոր է:
Մի բառի ձևերից է նաև մեն-ը, որը գործածվում է բառերի սկզբում (մենամարտ, մենաստան, մենություն և այլն): Սա առաջացել է միայն ձևից՝ միայն – մեյն – մեն – մէն, այսինքն՝ մենամարտ բառի սկզբնաձևն է միայնամարտ:
Շատ զարմանալի կազմություն ունի մյուս բառը (այսօրվա ուղղագրությամբ՝ բավականին աղավաղված), որը դասական ուղղագրությամբ պահպանել է իր ճշգրիտ ձևը՝ միւս: Սա մի և ևս բառերի միավորումն է, այսինքն՝ ևս մի: Ժամանակի ընթացքում և-ը դարձել է ու՝ միուս, այնուհետև՝ միւս:
Բարբառներում ունենք մէշու, մէշոլ բառերը՝ «մի քիչ» նշանակությամբ: Զարմանալի է, որ սրանք մեկ փշուր բառակապակցությունից են առաջացել՝ մեփշու – մէշու: Այդպիսի համառոտումներ հիմա էլ կան, հիշենք որովհետև բառը. մարդկանց մեծ մասն արտասանում է որտև՝ կրճատելով չորս տառ, հետաքրքիր բառն արտասանում են հետարքիր՝ մեկ տառ կրճատում են:
Մի խոսքով, մեն մի հատիկ բառ և այսքան գաղտնիքներ:
Մեն մի հատիկ Աճառյան և այսքան պարզաբանումներ:
ՎԱՍ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zorayrvas/posts/458229827596019
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել