Մայիսի քսանհինգն էր, վերջին տարիներին տեղի ունեցած ամենայուրահատուկ Վերջին զանգերից մեկը: Ի տարբերություն մնացած օրերի՝ այդ օրը լույսը չբացված արթնանում են ավագները, իհարկե ոչ քաղցից, ինչպես անում են փոքրերը, այլ պատրաստության սրբագույն նպատակն ի կատար ածելու, և հատկապես՝ ածելու: Սկսվում է աներևակայելի ղժղժոց: Վերուվար են անում աղջիկները, հագուստի շպարի, սանրի ու չգիտես ինչեր ինչերի համար: Աղջիկները միայն այսօր է, որ հանդես են գալիս շլացուցիչ գեղեցկությամբ ու այլանդակությամբ: Շպարվում են գրեթե չճանաչելու աստիճան ու հպարտ, ցուցադրական հայացքը վեհ, երջանիկ, ես կասեի՝ երջանկաշող ժպիտը դեմքներին՝ ցնցում են ողջ դպրոցը: Ցնցում են, քանի որ օրն իրենցն է, կարճ ասած օրվա էքսկլյուզիվ իրավունքներն իրենց են պատկանում: Անցնում է Զավենը, Լևոնը, Լաուրան, Մարթան: Բոլորի կրծքին շողում են զանգակները, ավելի ճիշտ զանգուլակները, բացառությամբ Զավենի: Զանգուլակից բացի Զավենի ակնատակին, այսինքն՝ աչքի տակ շողում է գունային գամմայով հարուստ մի կապտուկ: Բանն այն է՝ վերջին ստուգողական շարադրությունը հագեցած էր մարգարիտներով: Ներկայացնեմ համառոտ.
«Մեր դպրոցը գտնվում է գյուղում, կներեք ավանում՝ շրջապատված բարձր պարիսպներով, ինչպիսին չկա ոչ մի տեղ: Դպրոցը ոչ միայն չի զիջում Տեր Թոդիկյան վարժարանին, այլև գերազանցում է հինգ անգամ: Ծեծն այստեղ համարվում է դաստիարակության անբաժանելի մի մաս, ուսուցիչներն ասում են, որ ծեծն արդյունավետ է ու գալիս է դրախտից, լավացնում է հիշողությունը ու սթափ մտածելու հնարավորություն տալիս: Այստեղ եկա ութ տարեկան, որպես Զավեն, իսկ հիմա կգնամ որպես խոտակեր եղջրավոր անասուն, քանի որ ժառանգեցի «կոտոշավոր ցուլ» անունը ընկեր Նազիկից, այս գործում իրենց ամագն ունեն նաև այլ ուսուցիչներ»:
Նյութը գրականության ուսուցիչը տեսավ ու դեմքը կապտականաչանարնջագույն ստացավ, մշակեց նյութը, հեղինակին ու ուղարկեց տնօրենի մոտ, վերամշակման:
Կեսօրին կայացավ երկար սպասված Վերջին զանգը: Ուր ամեն ինչ նման էր այժմյան սերիալների սցենարին: Լալիս էին ուսուցիչները, լալիս էին շրջանավարտները, իսկ փոքրերը, տեսնելով ողբն ի բարձյալ, սկսեցին հեկծլտոցը: Շրջանավարտների աչքերից հոսող գոհարները այլանդակեցին մոտմեկժամյա դիմահարդարումն ու դիմահարդուկումը, իսկ աշակերտներից ամենագեշը՝ Լաուրան, տեսնելով ապակու մեջ իր դեմքը, արտասանեց ջան ձմեռ պապի ոտանավորը, որը սովորել էր մանկապարտեզում: Հետաքրքիր ու ամենահիշարժան պահը «օսկարի» արժանի վերջին պահն էր: Խումբը կիսվեց ու բաժանվեց երկու մասի, հետո մեջտեղից մոտենալով՝ Զավենը արտասանեց.
-Շնորհավոր սի...
Մնացած բառերը խլացրին, հրավառության պատճառով, ու սկսվեց.
-Էս ո՞ր մի անասունն էր, ջուր բերեք կրակի համար:
Զավենն էր դպրոցի միակ «կոտոշավոր ցուլը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել