-Հետո էլ ասում եք՝ երկրում օրենք չկա,- գոչում եմ ես ու թևաթափ եղած սպասում հաջորդ ավտոբուսին: Սովորաբար ամեն կանգառում տեղ գնալու համար ավտոբուսի եմ սպասում մոտ 1-2 ժամ, մինչև մի բարեխիղճ վարորդ կկանգնեցնի երթուղայինը, որ նստեմ: Պատճառն արդեն հայտնի է՝ մուրացկանությունն ու հաշմանդամությունն են: Գիտեմ՝ ծանր է նստել մուրացկանի, առավել ևս եթե նա հաշմանդամ է, կողքին, սա են պատճառաբանում վարորդներն ու քշում անտարբեր, ասես թե ոչինչ էլ չի եղել օրվա երկժամյա մուրացկանությունից, որտեղ մարդկանց վիրավորանքը գերազանցում է 95 տոկոսով բարեգթությանը, որտեղ վիրավորանք ստանալով՝ հաճախ կորցնում ես հավասարակշռությունն ու անիծում քեզ, հիվանդությանը, կյանք տվողին, որտեղ նույնպես կենաց-մահու կռիվ ես տալիս, ինչպես զինվորը դաշտում, հոգնած արցունքներս խեղդելով՝ դեռ սպասում եմ վարորդին: Ու ԱՅԴՊԵՍ ԱՄԵՆ ՕՐ:
Ու այդպես ամեն օր, մինչև որ...: Մի օր (սովորություն ունեմ օրվա վերջում աղոթել ողորմած գտնվողների համար, անողորմների համար էլ միշտ ասում եմ՝ ձեր չարիքը աստված բարիք դարձնի) աղոթելուց հետո սկսեցի մտածել մի փոքրիկի մասին, ում այդօր հանդիպեցի մուրալու պահին: Արցունքի ու զայրույթի, տանջող ցավային հերթական շոկի ժամանակ մոտեցավ մի գանգրահեր, մոտ ինը տարեկան մի երեխա: Մանրադրամ մեկնելով՝ լսեց իմ սովորական դարձած օրհնություններից մեկը:
-Շնորհակալություն, ցավդ տանեմ, Աստծո օրհնությունը, քաղցր աչքը քեզ վրա լինի:
-Հիսուսի անունով բժշկվեք, - ասաց փոքրիկն ու վազեց առաջ:
Անսպասելի սկսեցին աչքերիցս հոսել արցունքներս, լալիս էի մանկան պես: Ախր ես հավատում եմ մի բան, մեծերը չար են, իրենց բնույթն է այդպիսին, ես էլ բացառություն չեմ, ասեմ՝ իմանաք, իսկ մանուկները անմեղ, Աստծո հովանավորության տակ գտնվող էակներ են, գիտեմ, որ Աստված իրենց միջոցով դեռ ամուր է պահում մեր երկիրը: Ու նման մի էակ հանկարծ ասում է «Աստծո, Հիսուսի անունով բժշկվեք»: Լալիս էի, որովհետև այս յոթ տարի է՝ նայելով մարդկանց ոտքերին՝ նախանձից դրդված ասում եմ՝ Աստված, ինձ այսպիսի ոտքեր տուր, եթե բարի ես, ու որբի Աստված, վերցրու այս ոտքերը, որովհետև թանկ է նստում վրաս, որովհետև սեփական ոտքերիս նայելուց սարսափում եմ, այն ինձ չարացնում է օր օրի, իսկ եթե իմ իսկ օգտին ես տվել, գոնե ցավը վերցրու, որ չխելագարվեմ: Գիտեմ՝ ապաշխարհություն կհամարեն շատ հավատացյալ մարդիկ, բայց հոգնել եմ ամեն օր սարսափ տեսնելուց, ցավից անիծելու կյանք տվողին, աննկարագրելին մտածելուց, հոգնել եմ պայքարի գնով կյանքիս մեկ րոպեն ավել ապրելուց:
Հոգնել եմ արդեն, երբ տրանսպորտը չի վերցնում, երբ մարդիկ ոտքերս տեսնելուց գլուխ են թեքում, երբ ցավային շոկի պատճառով չարանում եմ օր օրի, երբ մարել է լույսս ապրելու, կանգնում եմ մի պահ ու մտածում՝ կա՞ արդյոք մեկը, ում համար արժե ապրել: Կա: Դա ԴՈՒ ես, որ փորձում ես կյանքիս մի օրը փոխել, ցավս մեղմել, ում տեսնելուց ասում եմ՝ ապրում եմ ձեր շնորհիվ:
Դա Դու ես, բժիշկ իմ, ով ամեն րոպե հիվանդանոցում ինձ է սպասում:
Դա Դու ես, ով փորձում է իր ժպիտով ցրել ցավս, և վերջապես Դա ԴՈՒ ես, Աստված իմ, որ ապրում եմ դեռ քո հովանավորությամբ:
Դա ԴՈՒ ես, իմ ՀԱՅ ժողովուրդ, հայի գթասիրտ տեսակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել