Երկու տարբեր պատկերացումների, աշխարհայացքների բախման մի լավ օրինակ է Փաշինյանի ու Վարդանյանի բանավեճը։ Փաշինյանը, որպես լրագրող և քաղաքական գործիչ, ճարտասանում է, խոսում այնպիսի հարցերի մասին, որ գործարարներին այնքան էլ չի հետաքրքրում։

Գործարարը սիրում է փաստեր, թվեր, այլ ոչ թե մտադրություններ, կենացներ, բարի ցանկություններ։ Հետևաբար նման հարց է տալիս, թե որտեղ կարելի է Հայաստանում ներդրում անել և շահույթ ստանալ, ինչ հարկեր են, իսկ քաղաքական առումով բիզնեսին հետաքրքրում է ամենից առաջ երկրի կայունությունն ու կանխատեսելիությունը։

Փաշինյանն էլ հակադարձում է իրեն բնորոշ ոճով, կրկին լավ ճարտասանելով։ Նա կարծես ավելի շատ խոսի հանդիսատեսի կամ ժողովրդի հետ, քան գործարարների։ Նա խոսում է կարտոֆիլի և այլ ապրանքների ինքնարժեքի մասին, որը թեմայի հետ կապ չունի։ Նա խոսում է փոքր բիզնեսին աջակցելու հարկային փոփոխությունների մասին, ինչը խոշոր բիզնեսի հետ որևէ կապ չունի։ Նա խոսում է պետական որոշ կառույցների օպտիմալացման մասին, ինչը բիզնեսին որևէ կերպ չի հուզում։ Նա խոսում է հիփոթեքային վարկերի տոկոսների իջեցման մասին, որը կրկին խոշոր բիզնեսի առաջնային հետաքրքրության տիրույթում չէ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը այնքան էլ համոզիչ չէ։

Այս երկու տեսակը Հայաստանում միշտ իրար չեն հասկացել։ Եվ Հայաստանը միշտ տնտեսությունից գլուխ հանող ղեկավարի կարոտ է եղել։ Պետք է միաժամանակ զբաղված լինել և պետական գործով, և բիզնեսով, որպեսզի հասկանաս երկուսին էլ։ Իհարկե, բիզնեսին քաղաքական ճառերով չես գաղթակղի։ Գործարարն, առավել քան որևէ մեկը, լավ գիտի, թե ինչ է կատարվում երկրում։ Եվ պետք է հարց տալ ինքդ քեզ։ Լինելով գործարար և փողի տեր մարդ` Հայաստանում ներդրում կանեի՞ր։ Դժվար թե։

Հայաստանում մաքուր բիզնեսով լավ շահույթ ունենալը շատ բարդ խնդիր է։ Արտասահմանի, թեկուզ չափազանց հայրենասեր հայ գործարարը պետք է կամ բարեգործ լինի, կամ անուղեղ այսպիսի տնտեսությամբ երկրում լուրջ ներդրումներ անելու համար։ Ուստի լոզունգներով ներդրումներ բերել անհնար է։ Եթե քո իսկ երկրի խոշոր գործարարները իրենց գումարները դուրս են հանում երկրից, ապա ինչպե՞ս պետք է դրսից ներդրումներ բերես։ Նախ պետք է հիմնովին լուծել երկրի ներքին խնդիրները, ներքին ներդրումները պետք է ավելանան, որ դրսից նայողը շարժ տեսնի։

Հեղափոխական միֆերով ժողովրդին կարելի է որոշ ժամանակ մոլորեցնել, բայց ոչ բիզնեսի մարդկանց։ Փաշինյանն ունի շատ լավ մտադրություններ, քաղաքական առումով գրագետ է, բայց տնտեսական հարցերում ունի բանիմաց կադրերի լրջագույն պակաս կամ այդ կադրերին չի ցանկանում վստահել։ Մինչդեռ որպես վարչապետ նրա գլխավոր քննությունը տնտեսությանն է վերաբերում։ Անձամբ ես չէի ցանկանա, որ նա, ինչպես նախորդները, տապալվեր այդ հարցում։ Հայաստանը տնտեսապես մաշվում է ամեն օր, և դա պետք է կասեցվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել