«Գիտելիքը քեզ կտա ուժ, բայց հարգանք կտա բնավորությունը». Բրյուս Լի

Չնայած բոլոր կողմերի նկատմամբ իմ տածած ամենայն հարգանքին և այն հանգամանքին, որ միշտ փորձում եմ առանձին միջադեպերի չանդրադառնալ, այս մեկի կողքով անտարբեր անցնել չկարողացա, քանի որ առաջին անգամը չէ:

Վերջերս տենդենց է նկատվում մարդկանց չափելու օտար լեզուների իմացության մակարդակով, և նրանք, ովքեր իբր ավելի լավ են տիրապետում այլ լեզուների, դրսևորում են ավելորդ ինքնավստահություն և քամահրանքով են մոտենում մյուսներին:

Եթե նման վարքագիծը կարող է անտարբերության մատնվել, երբ դրսևորվում է կուրսում գերազանցիկության սինդրոմ ունեցող աչոնիկի կողմից, ապա առնվազն տհաճ է, երբ դա անում է բարձրաստիճան պաշտոնյան:

Անձնական ոչինչ չունեմ Հարությունյանի դեմ, բայց վստահ եմ, որ նա, լինելով արաբագետ, արաբերենին լավագույն տիրապետողներից չէ, համենայն դեպս, նրա գիտելիքները հրապարակայնորեն չի փորձել ստուգել ոչ ոք, այնպես, ինչպես անգլերենին լավագույնս չի տիրապետում վարչապետ Փաշինյանը, ում անդրադառնում եմ նշելու համար միայն այն հանգամանքը, որ կառավարությունում էլ է առկա այս խնդիրը, այլապես նրա մեղավորությունը կոնկրետ այս հարցում միայն կադրային սխալ քաղաքականությունն է:

Կրթության (դեռ գիտությունը չեմ էլ ասում) ոլորտը խեղդվում է խնդիրների մեջ, բայց մենք երեք ամիս է՝ միայն անիմաստ ժողովներ ու սելֆիներ ենք անում, մետրոներով ու սամակատներով ենք գործի գնում, մտնում ենք դպրոց, ուսուցչին ծաղիկ ստանալիս բռնեցնում ու որակում դա որպես կաշառք, մեծ կնոջը փորձում անհարկի խայտառակել գիտելիքի պակասի համար և այլն:

Լավ, իսկ ե՞րբ է գալու աշխատելու, գործ անելու ժամանակը:

Անընդհատ համոզվում եմ, որ երեխաներին ժամանակին է պետք հեծանիվ գնել:

Հ.Գ. Ո՛չ, հակահեղափոխական չեմ, այո՛, այն ժամանակ էլ էի ասում, ո՛չ, Սերժի ժամանակ ավելի լավ չէր, ո՛չ, Աշոտյանն ու Մկրտչյանը աչքիս լույսը չեն, այո՛, իրականում 3 ամիսը ավելի քան բավարար էր որոշ խնդիրներ լուծելու համար:

Օչեն պրիյատնը, Արծրուն:

Տեսանյութը`այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել