…Նախկին տերս կնամոլի մեկն էր, բայց մի տեսնեիր, թե ո՜նց էին կանայք խենթանում նրա համար… Մութ սենյակ, իմ սև, շքեղ փայտին շարված էին մոմեր-մոմեր…անթիվ գիշերներ: Տերս ինձ կիսաբաց էր անում ու բարձրաձայն ասում, որ այսպես ավելի ռոմանտիկ է:

 Կանանց հետ այդ գինարբուքներից հետո հաճախ ես էի տուժում…

Օրերն անցնում էին, ու ես հոգնում էի այդ միօրինակությունից: Ախր այդ հիմարը գիտեր ընդամենը երկու ստեղծագործություն: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, նա այդ երկուսն էլ հիանալի էր նվագում, այնքան լավ, որ տասներկու կանանցից ինը հաստատ հուզվում էին:

Չգիտեմ, գուցե այդ ինը չափազանց զգայուն էին կամ հիմարիկ, որ չէին հասկանում իրենց նման լինելը գեղեցիկ անձեռոցիկների…մեկօրյա…

Իսկ նրա ընկերուհին…ը՜մմմ, կարծեմ Օլգա էր նրա անունը: Խենթանալ կարելի էր նրա կրակոտ կարմիր մանիկյուրից, երկար կատվային եղունգներից, որ ամեն անգամ երբ դիպչում էին ինձ, մարմինս փշաքաղվում էր: Օլգան իսկական խենթ էր, սակայն շատ էժանագին ինձ համար:

Մի անգամ տերս անհետացավ, ու պարզվեց՝ անթիվ պարտքերն էին դրա պատճառը:

Ինձ վաճառեցին… Օ՜, թող օրհնյալ լինի այն օրը, երբ ես դարձա Նրանը, իսկ նա՝ Իմը:

Երեսունամյա շքեղ, փխրուն, գայթակղիչ ու կրակոտ կին…ես դարձա նրա գերին:

Երբ նա երեկոյան ցնցուղ ընդունելուց հետո հագնում է գիշերվա պես թափանցիկ ու սև խալաթը, որի տակից ուրվագծվում է նրա ձյունաճերմակ մաշկը…ես ցնորվում եմ Նրա համար, իսկ նրա չքնաղ մաշկից եկող այդ թովիչ բուրմունքը գլխապտույտ է առաջացնում:

Նրա խոնավ, ալիքավոր մազերից կաթող ջրի կաթիլներն անգամ չեն կարող ծարավս հագեցնել… Իսկ նրա դյութիչ մատների շոյանքն ասես թմրեցնող սպեղանի լինի… Ես պաշտում եմ Նրան:

Ես պաշտում եմ, երբ նրա մատները մեկ քնքշորեն, մեկ կոպտորեն տիրում են ինձ, և ես դառնում եմ նրա գերին:

Նա կարմիր գինի է սիրում… Երբ նրա հյութեղ շուրթերը դիպչում են գինու բաժակին, ինձ թվում է, թե իմ արյունն է Նա խմում: Ես երազում եմ Նրա թաց, անզուսպ շուրթերը զգալ իմ շուրթերին, ուզում եմ, որ այդ համբույրը տևի հավերժություն, որ արյունս սառչի իմ երակներում:

Եթե միայն իմանար, որ նրա ներկայությունից անգամ մարմնովս քաղցր դող է անցնում… Ես կգրկեմ նրան ու շուրթերս մոտեցնելով նրա քնքուշ, փոքրիկ ականջներին՝ կշշնջամ, որ իրենն եմ մինչ մահ: Իսկ նրա մարմնից ճառագող լույսն ու անսահման ջերմությունը մահվան դուռը կհասցնեն ինձ, բայց ընկերս, ախր ես ընդամենը մի սովորական դաշնամուր եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել