Ավարտվեց հերթական ընտրությունների մեկամյա շրջանը, հերթական անգամ իշխող ռեժիմը կեղծիքների և ահաբեկումների միջոցով ապահովեց իր վերարտադրությունը, մենք ունենք նույն կեղծարար, անկարողունակ, կրիմինալ իշխանությունը, նույն պրոբլեմներից տառապող հասարակությունը և զարգացման ոչ մի հեռանկար չունեցող պետությունը, և այս պայմաններում քաղաքական ուժերը պարտավոր են կողմնորոշվել իրենց քաղաքական ուղեգծի և քաղաքական օրակարգի առաջնահերթությունների հարցում, որևէ կիսատ-պռատ լուծում, որևէ լղոզված ձևակերպում չպետք է հանդուրժվի:
Ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերը:
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը պետք է սկսվի ընդդիմադիր 4 ուժերի` Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության, Դաշնակցության համատեղ ներկայացրած Ընտրական իրավունքի վերաբերյալ փոփոխությունների փաթեթի ներկայացմամբ, որը պետք է ներառի ընտրակեղծարարության հիմնական մեխանիզմները բացառող օրենսդրական լուծումներ: Փաթեթը խորհրդարանում ընդունելու համար պետք է մոբիլիզացնել ամբողջ ուժերը, կազմակերպել համատեղ բազմահազարանոց հանրահավաքներ, երթեր, ընդհուպ մինչև ԱԺ-ի շենքի շրջափակում և նստացույց:
Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո պետք է վերականգնել իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` այս անգամ սեղանի ընդդիմադիր հատվածում Կոնգրեսին միացնելով մյուս 3 ընդդիմադիր ուժերին, որպես բանակցությունների օրակարգ առաջարկել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ակտիվ, ամենօրյա հանրահավաքային ճնշման միջոցով փորձել հասնել հնարավոր նպատակին:
Ընտրական ճանապարհով սահուն իշխանափոխության կազմակերպման այլընտրանքը հեղափոխությունն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել