...Այսօր Ալ. Թամանյանի թանգարանում էի: Էլ ու՞ր, եթե ոչ այնտեղ պիտի գնայի առաջին հերթին, մանավանդ, որ վաղուց չէի գնացել: Տխուր էր, չափազանց տխուր: Եվ ոչ այն պատճառով, որ քիչ մարդ կար: Անծանոթ մեկը որ մտներ, չէր հասկանա, որ մի ամբողջ ժողովրդի մի ամբողջ դարաշրջանի ճարտարապետական "ես"-ի՝ թամանայանական ոճի հիմնադրի ու անգերազանց վարպետի թանգարանն է մտել: Հնօրյա, արխիվային նյութերըը, որ պատմում էին Նրա նախընթաց ուղու և կենսագրության մասին՝ բավականին հարուստ էին. չկար ամենակարևորը՝ թամանյանական Երևանն իր հիմնարար մեծագործություններով: Էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի ամբողջ փառահեղությամբ, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով՝ բարձրորակ լուսանկարներով, եռաչափ մոդելներով և այլ հնարքներով ներկայացված լինեին Նրա հիմնական ստեղծագործությունները, Նրա մեծանուն հետնորդների գործերը:
...Դուրս եկա ու շարժվեցի դեպի Հրապարակ՝ դեպի Թամանյանի ապրող ու շնչող թանգարանը... նայեցի աջ ու ձախ... անհոգի ու ճղճիմ շենքերի շարանները անհագ երախներով գրոհել էին դեպի իրիկնային վարդագույնների մեջ հպարտորեն բազմած Կառավարական տունն ու Հրապարակը...
...Իսկ թանգարանի պատի լուսանկարից շարունակում էր ինձ հետապնդել Նրա քննախույզ ու արծվենի հայացքը, որ կարծես ասում էր,- Ես այդպես էլ չտեսա արևային քաղաքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել