Վերջապես Ռոման Աբրամովիչի 10 տարվա ընթացքում ներդրած անսահման միլիոնները «Չելսի»-ին եվրոպական մրցասպարեզում բերեցին երկու կարևորագույն տիտղոսներ: 2012 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո ռուս միլիարդատիրոջ թիմը նվաճեց նաև եվրոպական երկրորդ հեղինակավոր խաղարկության` Եվրոպայի լիգայի գավաթը: Սրանք իհարկե «Չելսի»-ի համար պատմական նվաճումներ էին, քանի որ մինչ Աբրամովիչի գալը «Չելսի»-ն եվրոպական մրցասպարեզում նվաճել էր Գավաթակիրների գավաթի երկու տիտղոս` 1971 և 1998 թվականներին: 
Իհարկե, պետք է արժանին մատուցել «Չելսի»-ին, որը կարողացավ դառնալ եվրոպական այն 5 ակումբներից մեկը, որին հաջողվեց հաղթել Եվրոպական գլխավոր 3 մրցաշարերում` Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա (ՈՒԵՖԱ-ի գավաթ, Տոնավաճառների գավաթ) և Գավաթակիրների գավաթ: 
Այդուհանդերձ «Չելսի»-ն՝ որպես ֆուտբոլային լուրջ պրոյեկտ և դարբնոց, չի կարելի դասել այնպիսի ֆուտբոլային գրանդների շարքում, ինչպիսիք են «Բավարիա»-ն, «Բարսելոնա»-ն, «Այաքս»-ը և «Յուվենտուս»-ը: «Չելսի»-ին պետք է դասել այն ակումբների շարքում, ինչպիսիք են` ՊՍԺ-ը և «Մանչեսթեր Սիթին»: Չէ՞ որ այս թիմերը հանդիսանում են մեկ անձի «խաղալիք»: Եթե «Չելսի»-ի դեպքում այդ անձանավորությունը համարվում է Ռոման Աբրամովիչը, ապա «ՊՍԺ»-ում և «Մանչեսթեր Սիթի»-ում`արաբ սեփականատերերը, ովքեր մեկ մրցաշրջանի ընթացքում պատրաստ են աստղաբաշխական միլիոններով իրենց թիմ բերել տարբեր ֆուտբոլիստների և աստղային մարզիչների: Շատ ժամանակ այդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը ապշեցնում է ֆուտոբոլային աշխարհին, քանի որ մեծամասնությամբ այդ ֆուտբոլիստները չեն ունենում այն արժեքը, որոնց համար արժե վճարել այդ գումարները: Դրանով իսկ քմահաճ սեփականատերերը ֆուտբոլը շեղում են ֆուտբոլայինից: Խախտում են տրանսֆերային շուկայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնններն ու չգրված օրենքները և այդպիսով ձգտում են հասնել տիտղոսների: Արդյունքում հաղթում է հակաֆուտբոլը, սակայն բարեբախտաբար հազվադեպ դեպքերում:
Նման ակումբների ապագան միշտ էլ մշուշոտ է, քանի որ դրանք կախված են անհատներից, իսկ ահա «Բավարիա»-ն, «Բարսելոնա»-ն, «Յուվենտուս»-ը, «Այաքս»-ը և նմանատիպ ակումբները երբևիցէ կախված չեն մեկ անձից և չեն պատկանում որևէ անհատի: Ինչպես օրինակ` երեխան, երբ հոգնում է մի խաղալիքից և դեն է նետում սենյակի մի անկյուն: Նման ճակատագիր սպասվում է նաև շեյխերի և օլիգարխների խաղալիքը դարձած ակումբներին: 
Նման «ֆուտբոլային թիմերը» ասպարեզից մղում են ֆուտբոլային իրական չափանիշերին համապատասխան ակումբներին: «Այաքս»-ի նման ակումբները ֆուտբոլիստներին իրենց թիմում չեն կարողանում պահել այն պարզ պատճառով, որովհետեև ընդունակ չեն դիմակայել այն միլիոններին, որոնք առաջարկվում են թիմի տաղանդավոր ֆուտբոլիստների համար: Վերջին 10 տարում ֆուտբոլիստների տրանսֆերային գները կտրուկ աճել են, և դրա մեղավորները հենց «ֆուտբոլային պարազիտներն» են: Իսկ «Բավարիա»-ի նման ակումբները իրենց դիրքերը եվրոպական ֆուտբոլում պահելու համար այդ պարագայում ստիպված են լինում նույնպես մեծ գումարներ ծախսել կազմը ուժեղացնելու համար: Ինչպես գիտեք, «Բավարիա»-ն իր պատմության ընթացքում միշտ էլ շեշտը դրել է իր սեփական կադրերի վրա և տրանսֆերային շուկայում չի փայլատակել միլիոնների մսխումով: Սակայն վերջին երեք տարում դիրքերը պահպանելու համար մյունխենցիները ստիպված էին որոշակիորեն դեմ գնալ իրենց սկզբունքներին և մի քանի լուրջ համալրումների համար վճարել իրենց համար ռեկորդային գումարներ: Այդուհանդերձ ուրախալի է, որ նույնիսկ նման պարագայում «Բավարիա»-ի և «Բարսելոնա»-ի կարգի թիմերում թիմի կորիզը կազմում են սեփական ֆուտբոլային դպրոցի սաները: 
Այս ամենը չի կարող չմտահոգել նաև ՈՒԵՖԱ-ն, և այդ ուղղությամբ շուտով կսկսվեն համապատասխան քայլերը ձեռնարկել:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների կիրառումը չի հետաձգվի: ՈւԵՖԱ-ն հիշեցնում է, որ այն ակումբները, որոնք չեն պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, կտուգանվեն և անգամ կարող են զրկվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցության իրավունքից: 
«ՈւԵՖԱ-ն ստիպված է դիմել կտրուկ քայլերի: Այլ կերպ ֆուտբոլը կոչնչանա»,- հայտարարել է Պլատինին:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կասեցնենք այդ միտումը: Եթե միջոցներ չձեռնարկենք, ապա մեզ սպասվում է այնպիսի ճգնաժամ, ինչպիսին այժմ տիրում է Եվրոպայի էկոնոմիկայի ոլորտում»,-ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:

Հուսանք, որ ՈՒԵՖԱ-ին կհաջողվի խիստ միջոցներով պահպանել տրանսֆերային ֆեյր-փլեյի կանոնները, որոնք կօգնեն ֆուտբոլը պահպանել այնպես, ինչպիսին սովոր ենք տեսնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել