Ժամը վեցն էր, հոգնածությունից ազատվելու նպատակով պառկեցի: Հանկարծ դուռս ծեծեցին: Ո՞վ կլինի, մտածեցի ես ու քայլերս ուղղեցի դուռը: Դուռը բացած-չբացած՝ մի երիտասարդ թիթեռնիկին վայել գույների հագուկապով ներս խուժեց ու բացականչեց.
- Գժական սուրճ կտա՞ս:
Անակնկալի եկած հայացքով նայում եմ ընկերոջս, իսկ նա.
-Ծանոթացիր՝ Ծիպուկն է, մի քիչ թող դուրս տա, ուրախանանք:
-Ընդունվե՞ց պատվերս, թե՞ ոչ:
Լուռ, առանց մի խոսք ասելու սկսեցի պատրաստություն տեսնել:
-Ծանոթանանք, - տեղից գոռաց «թիթեռնիկը»,_ անունս Ծիպուկ է, ծնվել եմ գժերի ընտանիքում, չեմ հասկանում՝ ինչու եմ սա ասում, երբ ինձ տեսնողը կպատկերացնի նաև ընտանիքս, մեծացել եմ՝ ուր պատահի, կերել եմ՝ ինչ պատահի ու արել եմ՝ ինչ պատահի, այնքան ժամանակ, մինչև չհայտնվեցի հոգեբուժարանում, գիժ ծնողներիս շնորհիվ: Ինձ մի աչքով չնայես է՜, գիտե՞ս՝ ով եմ եմ եղել, գժական գիժ: Ուրեմն գժանոց առաջին իսկ ոտք դնելուց հետո զգացի հարազատ միջավայրում: Ինչպիսի՜ դեմքեր, ասես Ազգային ժողովում լինեի, պատգամավորական փողկապի դեմքով այնպիսի քննարկումներ էին անում, որ հազարավոր պատգամավորներ կերազեին: Հետո եկավ գլխավորը, բյուրավոր գժերի ձեռքից գժված գժական հայացք տնկեց վրաս ու թե.
-Արի իմ սենյակ:
Ուրեմն միջանցքով գնում եմ, գժական միջանցք, պատուհաններ, պատուհաններից այն կողմ գժական բակն է՝ պարսպատված գժական պարիսպներով: Միջանցքով մեկ տարածվել է գժական ճաշի հոտը, բայց էդպես էլ չիմացա՝ ինչ էր եփվում: Հասանք իր առանձնասենյակի գժական դռան մոտ ու մեկ էլ հանկարծ էշացավ, գիտե՞ս խի, առաջինը ես խցկվեցի ներս: Ուրեմն հարցեր էր տալիս մեկը մեկից գժական:
- Օրինա՞կ, - հարցրի ես:
- Ասում էր՝ ո՞ր ամիսն ես սիրում, պարզ չի՞, գժականը:
- Ո՞ր գույնն ես սիրում:
- Գժականը:
- Ի՞նչ ես սիրում ուտել:
- Մամայի գժական բորշչից, էն որ ուտելուց հետո էլ գժական ծեծ էի ուտում, ախպորս ամանի մեջ մտնելու համար:
- Ինչո՞վ ես սիրում զբաղվել:
- Գժական բաներով:
Ու էլ հարց չտվեց, ուղարկեց պալատ, իսկ տասը օր չանցած վռնդեցին, ուրիշի դեղերն ուտելու համար, գժական էր չէ՞:
Գժական է, իհարկե գժական է, որովհետև եթե գժերը չլինեին, լուրջ մարդկանց կյանքը ձանձրալի կլիներ, միագույն, միապաղաղ: Մեզ մոտ Հայաստանում ամեն թաղ ունի իր «գիժը»՝ ճանաչված ամենքի կողմից: Նրա հերոսությունների մասին պատմվող պատմությունները լսում ենք, ծիծաղում ու երբեմն բարկանում: Նրանց վախճանը տխուր է լինում, քանի որ այդտեղ պակասում է սերը, ջերմությունը: Նրանց խաթարված հոգիներում անկայունություն է, ու անորոշությունը սահմաններ չի ճանաչում: Նրանք դատապարտված են: Դատապարտված՝ գիժ կոչվելու:
2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել