Թուլացած մազերը՝ խնդիր է, վնասված մազերը՝ խնդիր է, երբ մազերը թափվում են՝ խնդիր է, բայց երբ մազերը խճճվում են, դա արդեն աղետ է: Այս դեպքում մազերը ոչ թե պարզապես թուլացած, վնասված են, այլ օրեցօր նրանք նկատելիորեն քչանում են, իսկ սանրվելու պրոցեդուրան անհավանական մեծ ջանքեր ու ժամանակ է խլում: Արդյունքում՝ ո՛չ մազեր, ո՛չ տրամադրություն, ո՛չ նորմալ սանրվածք…
Ամեն դեպքում, եթե մազերն ուժեղ խճճվում են, նրանք անառողջ են: Առաջին հերթին դա խոսում է նրանց չորության մասին: Դրա համար կտրեք ծայրերն ու զբաղվեք մազերի ինտենսիվ խոնավեցմամբ ու սնուցմամբ:

- Ընտրեք ճիշտ խնամքի միջոցներ

Կարելի է օգտագործել ինչպես տնային դիմակներ ու բալզամներ (հատկապես խրախուսվում են բուսական և անուշաբույր յուղերը), այնպես էլ՝ գնված: Միայն թե այս դեպքում պետք չէ խնայել, ընտրեք որակյալ միջոցներ, ավելի լավ է՝ պրոֆեսիոնալ:
Ճիշտ կլինի, եթե շամպունը, բալզամը, դիմակը և մազերը հարդարելու միջոցները ձեզ համար ընտրի մասնագետը: Քանի որ ինքնուրույն դուք դեռ երկար փորձարկումներ կանեք: Իսկ եթե որոշել եք ինքնուրույն փնտրել համապատասխան միջոցներ, ուշադրություն դարձրեք նաև մազերի համար նախատեսված կրեմների և հատուկ սփրեյների վրա, որոնք հեշտացնում են սանրումը:

- Փոխեք սանրվածքը

Եթե դուք ունեք բարակ մազեր, հնարավոր է ձեզ օգնի նոր կտրվածքը: Ինչքան նրանք կարճ լինեն, այնքան խճճվելու հավանականությունը քիչ է: Միաժամանակ նաև կերպարը կփոխեք: Եթե ոչ մի կերպ չեք ուզում կտրել մազերը, հավաքեք դրանք հանգույցի մեջ կամ հյուսեք: Արձակած մազերը շատ ավելի արագ են խճճվում:

- Ինչպես և ինչով սանրվել

Մազերը սանրեք փունջ-փունջ, սկսեք ներքևից և աստիճանաբար սանրելով բարձրացեք վերև: Մի մոռացեք մազերը փափկացնող սփրեյների մասին: Նշանակություն ունի նաև սանրը՝ հատկապես անհնազանդ մազերի դեպքում: Եթե մազերը դժվար են սանրվում, գնեք երկար, նոսր ատամներով փայտե սանր, և գործը կհեշտանա:

- Մազերը հավաքած քնեք
Գիշերը խորհուրդ է տրվում մազերը հավաքել: Իսկ ցերեկը փոխեք մազերը հավաքելու ձևն ու տեղը: Օրինակ մազակալն անընդհատ միևնույն տեղում կրելը նույնպես բերում է մազերի խճճմանն ու խրձերի առաջացմանը:

- Բնական հագուստ և առողջ սնունդ օգտագործեք
Վիճակը կարող է խորացնել նաև մազերի ստատիկ էլեկտրական լիցքը: Դրա համար պետք է բացառել բոլոր սինթետիկ իրերը, որոնց կարող են հպվել ձեր մազերը՝ բարձի երեսը, գլխարկը, վերնահագուստը պետք է բնական լինեն:

Մի մոռացեք նաև վիտամինների և առողջ ապրելակերպի մասին: Չէ՞ որ մեր մազերի վրա ամեն ինչ անդրադառնում է՝ և՛ ներքին, և՛ արտաքին գործոնները…

Աղբյուրը` http://benice.am/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել