Մաշան այն սովորական մերկապարուհիներից էր, ովքեր գալիս են Հայաստան, որպեսզի գումար վաստակեն՝ գիշերային ակումբներում պարելով: Իր տարիքի աղջիկները համալսարաններում էին սովորում, իսկ նա՝ պարային նոր շարժումներ, որպեսզի ավելի ցանկալի ու հրապուրիչ լինի… աչքերի, շատ-շատ աչքերի համար… Մաշան գրքեր չէր կարդում, գունագեղ այս աշխարհում քիչ բան էր հուզում նրան, գուցե դա էր պատճառը, որ նա անհետաքրքիր զրուցակից էր… Անհետաքրքիր զրուցակիցը այնքան հետաքրքիր ու կրքոտ էր գալարվում պարաձողին, որ ներկաներին սարսուռ էր պատում: Հենց այդ ներկաների մեծ մասը Մաշային տեսնելու համար էին այցելում ակումբ, սակայն վայելում էին նրան լոկ հայացքով… Ժամանակը կանգ էր առնում՝ մի պահ այցելուներին տանելով մի ուրիշ աշխարհ` Մաշայի աշխարհ: Պարի ժամանակ նա և՛ աստվածուհի էր, և՛ ստրկուհի: Մաշայի աշխարհը ակումբն էր, նա տիրուհին էր այն հայացքների, որոնք լափում էին նրան և ամեն անգամ, հիշելով բոլոր այդ տղամարդկանց ողջակեզ հայացքները, իրեն զգում էր լիարժեք ու կատարյալ… 

Մաշան ուներ ընտրության հնարավորություն, և նա ընտրել էր հենց այդ աշխատանքը, հարկադրված մեկուսի ապրելակերպը: Նա առանց ուղեկցության տանից դուրս չէր գալիս, ակումբի հաճախորդների հետ չէր շփվում, հարկ եղած դեպքում փոխում էր աշխատավայրը, երբեմն էլ ուղեկցում «որոշ անձանց» հանդիպումների ժամանակ: Եվ ահա, մի օր նրանով հետաքրքրվեց մի հայ երիտասարդ…

Սեր առաջին հայացքի՞ց, թե՞ հաճելի ժամանց, այդ արդեն հնարավոր չէ իմանալ, մի բան հաստատ պարզ էր, որ Տիգրանն ուզում էր փոխել նրա  «աշխարհը»: Տիգրանն ամեն անգամ գրքեր, ֆիլմեր էր տանում Մաշայի համար և դիտմամբ ընտրում կնոջ մեղավորությունն ընդգծող բովանդակությամբ ստեղծագործություններ: Ժամանակն անցնում էր, իսկ Մաշան ապրում էր իր աշխարհով ու նաև Տիգրանով: Նա գիտակցում էր, որ այդ երկու աշխարհներն անքակտելի են իրենից, սակայն անզուգադրելի միմյանց համար: Մաշան խելագարի պես էր սիրում նրան…սիրում էր մարմնով…սիրում էր հոգով…սիրում էր անմնացորդ, անգամ մի օր փորձեց պատուհանից դուրս նետվել, երբ իմացավ, որ այլևս չի տեսնելու նրան: Այդ քայլը վերջին ճիգն էր Տիգրանին իր մոտ պահելու` չստացվեց:…Մի անգամ դռան առջև գեղեցիկ փաթեթավորված տուփ գտավ:

Մաշան բացեց տուփն ու տեսավ տասնյակ կրակայրիչներ ու երկտող. «Ահա՛…չէ՞ որ դու սրանց համար ես պարում ու ապրում… »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել