BlogNews.am-ն արդեն պատմել է  Մշակույթի նախարարության կազմակերպած մրցույթի և հաղթող նածագծերից՝ Ելենա Արշակյանի և Անահիտ Մխիթարյանի «Հարճը» ֆիլմի մասին, որ մայիսի 8-ից 19-ը ներկայացվեց Կաննի կինոշուկայում: 

Նշենք, որ ֆիլմն իրականացվում է PANARMENIAN FILMS–ի հետ: BlogNews.am-ի հետ զրույցում ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է փառատոնում գրանցած հաջողությունների, տպավորությունների,  ինչպես նաև ծագած խնդիրների մասին:

«Կինոշուկայի նախորդող օրերին որոշ խնդիրներ ստեղծվեցին Կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության միջև: Եվ արդյունքում, ցավոք սրտի, որպես այդպիսին հայկական տաղավար չկար, իսկ մենք Ռայմոնդ Եզեգուելյանի տաղավարում էինք ներկայանում և կազմակերպում մեր հանդիպումները:»,- պատմում է Ելենան, ով ամեն դեպքում կինոշուկայից վերադարձել է շոշափելի արդյունքներով:

«Ունեցանք տարբեր հանդիպումներ, որոնց արդյունքի մասին խոսելը դեռ վաղ է: Կինոարտադրողներից կողմից մեր նախագծի հանդեպ հետաքրքրվածությունը մեծ էր, և արդեն ունենք նախնական պայմանավորվածություն Film Asylum ընկերության հետ. հայ-վրացական համատեղ աշխատանք ենք ներկայացնելու»:

Պայմանավորվածություն կա, որ ֆիլմում նկարահանվելու են նաև վրացի դերասաններ. «Վրացական կողմից  պետք է լինի նաև օպերատորը, քննարկման փուլում է գտնվում նաև կոմպոզիտորի, նկարչի ներկայությունը: Հայկական կողմից հաստատվել է գլխավոր դերի համար Խորեն Լևոնյանը, մնացած մանրամասները դեռ քննարկման փուլում են»:

«Վրացական կողմը շահագրգռված է համատեղ ֆիլմ ստեղծելու նախագծով: Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ, որ վաղուց չենք ունեցել համատեղ արտադրանք: Նրանց շատ է դուր եկել նաև ֆիլմի ասելիքը: Այնուամենայնիվ, Կաննի կինոշուկայում գտնվելը և այնտեղից արդյուքնով վերադառնալը մեծ հաղթանակ է  կինոարտադրողի համար«»,-եզրափակեց Ելենան: 

Ի դեպ, «Հարճը» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել նաև Վրաստանում: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարներները տրամադրել է Ելենա Արշակյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել