Կառավարության ծրագիրը կարդացի ու պետք է խոստովանեմ, որ անսահման տպավորված եմ։ Կարծում եմ, որ այս ծրագիրը պետք է մտնի դասագրքերի մեջ, հանդիսավարություններում թամադայություն անելու դասագրքերի․․․
Պարոնա՛յք թավշյա հեղափոխիստներ, սա կառավարության ծրագիր չէ, այլ կենացների ու բարի ցանկությունների դավթար։ Տպավորություն է, որ թավշյաներով կլոր սեղան են կազմել ու թեմա ազդարարելով հերթով մի հատ բարի ու պուպուշ ցանկություն են ասել և դրանցից առավել պուպուշները ներառել ծրագրի մեջ։
5000-ից ավել բառ ունեցող փաստաթղթում չկա ՈՉ ՄԻ ԹԻՎ՝ բացի կետերի ու գլուխների հերթական համարակալումից ու 2018 թվականի մայիսի 8-ի հիշատակումից։ Առավել տարակուսանք է առաջացնում այն, որ ոչ մի թիվ չկա տնտեսական բլոկում։ Փոխարենը մի 8 տեղ կան հեղափոխություն/հեղափոխական, թավշյա, խաղաղ ու այլ միտինգային բառեր, որոնցից արդեն նավթալինի հոտ է սկսում գալ։
Ես հասկանում եմ, որ սա պատահական չի արվում, այդ թվում՝ թվերից իսպառ հրաժարվելու պահը։ Թիվը կոնկրետիկա է, իսկ կոնկրետիկան չապահովելու դեպքում դժվար է «կռուտիտ» լինելը, իսկ կենացներն աբստրակտ են, և հաշվի առնելով պոպուլիզմի ու դեմագոգիայի այն գերմարդկային դոզաները, որոնցով շռայլորեն կիսվում են մեր թավշյա հեղափոխիստները, հատուկ էլ կենաց են ասում, որպեսզի հնարավորինս երկար կռուտիտ անեն պոպուլիզմով, դեմագոգիայով ու ոչ մի օգտավետ ու ռեալ շոշափելի թվային արտահայտում չունեցող գործողություններով։
Ծրագրի մեջ մի քանի վտանգավոր ու խնդրահարույց կետեր էլ կան, որոնք, անկասկած, առաջացնելու են ինչպես ներքին խմորումներ, այնպես էլ՝ արտաքին ճնշումներ, բայց այդ մասին ավելի շատ կխոսենք ԱԺ-ում ծրագիրը ներկայացնելու ու դրանում եղած կենացների շուրջ թավշյա հեղափոխիստների խոսքը լսելուց հետո։
Հավելեմ միայն, որ եթե սրանց ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ առաստաղը սա է, ապա վախենամ, որ հաշված ամիսներ (տարի էլ չէ, ամիսներ) հետո թավշյա հեղափոխիստների պոպուլյարության անկումը մթագնի նույնիսկ ՀՀՇ-ի պոպուլյարության անկմանը 1991-1992 թվականներին։
Հ․Գ․ Սփյուռքից հավաստիացումներ տվող ներդրողերից ի՞նչ կա, պարոնա՛յք թավշյա հեղափոխիստներ ու գերագույն գլխավոր հեղափոխիստ, էն, որ պետք է 30 տոկոս տնտեսական աճ ապահովեին։ Էն կարգի ձեն-ձուն չկա, որ սկի ծրագրի մեջ չեք ներառե՞լ էդ մի քաղցր կենացը։