Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ նոր կառավարությունը պետք է փոփոխություններ նախաձեռնի Հարկային օրենսգրքում: Մասնավորապես, ըստ նրա՝ պետք է նվազեցվի եկամտային հարկը, շրջանառության հարկը մնա անփոփոխ՝ 115 մլն դրամ, և չեղարկվի հանրային սննդի օբյեկտներին վերաբերող փոփոխությունը: «Հիմա այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այսօրվա կառավարությունն ունի այն աստիճանի վստահություն, որ կարող է արմատական ռեֆորմներ իրականացնել»,- նշեց Միքայել Մելքումյանը:

- Պարո՛ն Մելքումյան, տեսակետներ են հնչում, որ նոր քաղաքական և տնտեսական իրողության պայմաններում պետք է փոփոխություններ արվեն Հարկային օրենսգրքում: Ի՞նչ եք կարծում՝ անհրաժե՞շտ է փոփոխություններ նախաձեռնել այժմ օրենսգրքում:

- Այո՛, ոչ միայն Հարկային օրենսգրքում, այլև շատ այլ ուղղություններով պետք է փոփոխություններ արվեն, և այդ փոփոխությունները պետք է լինեն ոչ հատվածային, այլ պետք է արտացոլեն այն նոր ծրագրերի իրականացման պայմանները, որոնք ենթադրում ենք, որ պետք է իրականացվեն:

Բայց իհարկե մենք պետք է սպասենք Կառավարության ծրագրին, եթե չեմ սխալվում՝ հունիսի 7-ին պետք է ներկայացվի նոր ծրագիրը: Իմ անձնական տեսակետով՝ ԲՀԿ-ն մնում է իր 15 կետերի շրջանակներում, որոնք կոչվում են անհետաձգելի միջոցառումներ: Մեր կետերի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մենք չպետք է սոցիալական ծախսերը հակադրենք կապիտալ ծախսերին: Այսինքն՝ եթե ուզում ենք, որ մարդիկ լավ ապրեն, չպետք է ասենք՝ փող չկա, հենց հիմա չենք կարող թոշակ և աշխատավարձ բարձրացնել, պետք է հակառակը՝ կապիտալ ծախսեր անենք, հարկեր իջեցնենք: Սրանք պետք է համադրված, զուգակցված գնան: Հիմա այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այսօրվա կառավարությունն ունի այն աստիճանի վստահություն, որ կարող է արմատական ռեֆորմներ իրականացնել: Ցանկացած ռեֆորմ կարող է արդյունավետ լինել և իր նպատակին հասնել, եթե ժողովրդի մեծ մասն աջակցում է այդ ռեֆորմին: Այսինքն՝ ռեֆորմների քաղաքական հենարանն ապահովված է, մնում է այնպիսի քայլեր անել, որոնք կզուգակցեն սոցիալական խնդիրները ճիշտ հարկային, մաքսային քաղաքականությամբ:

- Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն Հարկային օրենսգրքում, կարո՞ղ եք մի քանիսը նշել:

- Հարկային օրենսգրքի մասով այնտեղ միանշանակ դրույթներ կան, որ պետք է փոխվեն, որոնցից առաջին հերթին եկամտային հարկը պետք է իջեցվի: Առավելագույնը 20 տոկոսից ավելի չպետք է լինի մինչև 450 – 500 հազար եկամուտ ստացողների համար: Այն պետք է համահունչ լինի շահութահարկին, այսինքն՝ եկամտահարկը և շահութահարկը պետք է նույնը լինեն, որպեսզի այստեղ ստվերայնության պայմաններ չթողնենք: Շատերը աշխատավարձերը ցածր են ցույց տալիս, որպեսզի եկամտահարկ չվճարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել