Այսօր կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել: Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասաց ՀՀ նախագահը։

Նա շեշտեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստը հրավիրվել է պատմական օրերին, երբ նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը:

«Հայաստան համահայկական հիմնադրամն իր առջև դրված խնդիրներ ունի, սակայն կարծում եմ, որ կարևորագույններից մեկը համախմբման առաքելությունն է, որ ավելի քան արդիական է այսօր: Հիմնադրամը պետք է շարունակի միավորել ՀՀ քաղաքացիներին, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին: Այն ծրագրերը, որոնք իրականացվել են, համահայկական ջանքերի արդյունք են»,- հավելեց Արմեն Սարգսյանը։

Նիստի ընթացքում կարծիքներ հնչեցին, որ Հայաստանի պետական կառույցները, այդ թվում եկեղեցին նույնպես տարվա կտրվածքով ներդրում կատարեն, ինչին արձագանքեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

«Եկեղեցին մշտապես իր աջակցությունն է տրամադրել հիմնադրամին: Դեռևս 92-թվականին, երբ հռչակվեց հիմնադրամի ստեղծումը, եկեղեցու կողմից հորդոր եղավ, որպեսզի ժողովուրդը զորակցություն հայտնի: Այդ օրից եկեղեցին իր սրբազան պարտքը համարեց աջակցելու, զորակցելու հիմնադրամին ոչ միայն կոչերով, այլև ներդրումներ իրականացնելով»,-ասաց վեհափառը:

Գարեգին Բ-ի խոսքով՝ եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, ամբողջ ծախսերը ձևավորվում են նվիրատվություններից։

«Ամենայն հայոց հայրապետությունը զանազան բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական տարբեր ոլորտներում: Որքան հիշում եմ, 25 հազար հայորդիներ օգտվել են նախորդ տարի եկեղեցու կողմից իրականացրած բարեգործական ծրագրերից: Այդ ուղղությամբ գումարը կազմել է 3 մլն դոլար: Մենք այն բարձրաձայնումների ունկնդիր ենք եղել, որ եկեղեցին ներդրումներ կատարի հիմնադրամի հաշվին: Մենք խոսել ենք թեմակալ առաջնորդների հետ, տեղեկացրել այս առաջարկության մասին: Միանշանակ պատասխան է եղել, որ ակտիվորեն մասնակցում են հիմնադրամի գումարների հավաքագրման և բարերարներին խրախուսելու առումով: Բայց եթե նման հարց է հնչում, մենք կարող ենք քննարկել»,-ասաց կաթողիկոսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել