Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկվել է դրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը։

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախագծերի փաթեթի մշակումը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ներկայումս լայնորեն տարածում ստացած այն մոտեցումը բացառելու անհրաժեշտությամբ, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունում կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու մասին: 

Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ներպետական օրենսդրության կարգավորման թերությունները, միջազգային չափանիշները, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած մոտեցումները և սկզբունքները՝ նախագծերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են կալանավորված անձի՝ մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու հստակ մեխանիզմի նախատեսմանը, ազգային օրենսդրության՝ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել