Armenpress.am-ը գրում է.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին: «Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Նա, սակայն, նկատեց, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ: «Այդ բանակցությունները մշտապես լինելու են, մենք իհարկե փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»,-նշեց Արթուր Գրիգորյանը:

Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը 2004-ին, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքվում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել