Աշխարհում լեզուները շատ են, սակայն դրանց մեջ կան հատուկները, որոնք հազարամյա պատմություն ունեն, կամ դրանցով չեն խոսում արդեն հարյուրավոր տարիներ: Ահա թե որոնք են պատմության հնագույն լեզուները:

Շումերերեն և աքքադերեն

Երբեմն, երբ խոսում են Շումերի ու Աքքադի հնագույն թագավորություններում ու մշակույթների մասին, դրանք միավորում են մեկ ընդհանուր շումերաաքքադական թագավորության մեջ, որը միասնական մշակույթ է ունեցել: Այս հնագույն թագավորությունները գտնվում էին այնտեղ, որտեղ Տիգրիս և Եփրատ գետերը լցվում էին Պարսկական ծոց: Պատմականորեն այնպես էին դասավորվել իրողությունները, որ այս տարածաշրջանում մի պետությունը փոխարինելու էր գալիս մյուսին շատ կարճ ժամանակահատվածում:

Շումերերենով խոսում էին Հարավային Միջագետքի տարածքում դեռևս շատ վաղուց՝ մ.թ.ա. 4-3 հազարամյակներում: Շումերների գրերը հասել են մինչև մեր օրեր, այդ պատճառով էլ լեզվաբաններին հաջողվել է բավականին մանրամասնորեն նկարագրել այս հնագույն լեզուն: Շումերերենը գրավոր լեզու էր, իսկ գրերը՝ սեպագիր:

Շումերերենը հայտնաբերվել է 19-րդ դարում: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց դրա վերծանման գործընթացը, իսկ «շումերերեն» հասկացությունը գիտության մեջ մտավ Հուլիուս Օպերտի կողմից: Այս լեզուն նաև ինքնանուն ունի, որը թարգամանաբար հնչում է որպես «հարազատ լեզու» կամ «առատ լեզու»: Մինչ օրս շումերերենի և այլ լեզուների միջև կապեր չեն հայտնաբերվել:

Մ.թ.ա. մոտ 2000 թ. բանավոր խոսքում շումերերենին փոխարինելու եկավ աքքադերենը: Այս լեզվով խոսում էին երեք ժողովուրդներ՝ աքքադները, բաբելոնացիները և ասորիները: Աքքադերենը սեմական լեզվաընտանիքի հյուսիսարևելյան ճյուղի լեզու է: Աքքադերենով գրեր պարունակող հնագույն հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. 25-րդ դարին: Իսկ ամենահայտնի հուշարձանը հնագույն էպոս «Գիլգամեշն» է:

Էլամերեն

Էլամերենը գոյություն է ունեցել շումերերենի հետ միաժամանակ, և, ինչպես և շումերերենը, չունի որևէ «գենետիկ կապ» այլ լեզուների հետ: Այս լեզվով խոսում էին մ.թ.ա. 3-1 հազարամյակներում Էլամ հնագույն թագավորությունում, որի մայրաքաղաքը Սուզին էր: Այսօր այն գտնվում է Իրանի հարավարևելյան հատվածում: Էլամերենին ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխարինելու եկավ պարսկերենը, և էլամերենն անհետացավ: Այս լեզվի զարգացման շրջաններ են եղել հին էլամերենը, միջին էլամերենը, նոր էլամերենը:

Խուռիերեն և խաթերեն

Թե որ լեզվախմբին է պատկանում խուռիերենը, հայտնի չէ մինչ օրս: Այս լեզվով խոսող ժողովուրդն ապրել է Միջագետքի հյուսիսում, Հայկական լեռնաշխարհի հարավում և հարակից տարածքներում: Գիտնականները կարծում են, որ խուռիերենին ամենամոտն ուրարտերենն էր, որի հետ հարաբերություններ ունեն ներկայիս Հյուսիսային Կովկասի ժամանակակից լեզուները: Խուռիերեն գրելու համար օգտագործում էին աքքադերեն սեպագրեր և դրա մի քանի տարատեսակներ: Այս հնագույն լեզուն ունեցել է առնվազն 6 բարբառ: Խուռիերենի քերականությունն առաջինը կազմել է Էֆրայիմ Ավիգդոր Շպայզերը 1941-ին:

Խաթերենն ամենաքիչ ուսումնասիրված լեզուներից է, քանի որ դրանով աղբյուրներ շատ քիչ են պահպանվել: Այս լեզվով խոսում էին Փոքր Ասիայի հյուսիսարևելյան հատվածում բնակվողները: 20-րդ դարում վարկած ի հայտ եկավ, որ խաթերենը ցեղակից է արևմտակովկասյան լեզուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել