Նոր վարչապետի նշանակումից կարճ ժամանակ անց արդեն կարող ենք տեսնել, թե ինչ գույնի են Փաշինյանի տված առաջին շտրիխները Հայաստանն իր չափանիշներին համապատասխան կերտելու կտավին: Ակնհայտորեն նկատելի են, որ նրա գործողությունները ձևավորվում են մի իշխանություն, որում կարևոր դիրքեր զբաղեցնող որոշ պաշտոնյաներ կապված են պրոգրեսիստ և լիբերալ գաղափարախոսությանը, ինչպես որ նախազգուշացնում էին տարբեր ձայներ: Այն, ինչը կարելի է համարել երկրի ապագայի վերաբերյալ առաջին պոլեմիկան, վերաբերում է նրան, թե ինչպես պետք է կարգավորվեն իշխանության փոխհարաբերությունները բանակի, սահմանների և ՀՀ ազգային շահերի պաշտպանության հետ: Եթե ոչինչ չփոխվի կամ չկանխվի, ու վախենում եմ, որ սխալ չեմ լինի, մենք կարող ենք կանխատեսել իրադարձությունների զարգացման ուղղությունը՝ դիտարկելով և վերլուծելով Արևմտյան Եվրոպայի երկրների վերաբերմունքն ու քաղաքականությունը սահմանների, ազգայնական տրամադրությունների և Զինված ուժերի կառավարման ոլորտներում: Քանի որ այս երկրները վաղուց են վարում այդպիսի քաղաքականություն, իսկ Փաշինյանի շրջապատն ու ԵԼՔ դաշինքը, գաղտնիք չէ, որ նրանց մեջ են տեսնում այն օրինակը, որին ցանկալի է, որ հետևի Հայաստանը նույնպես:

Ամփոփելով այս հարցերի վերաբերյալ արևմտյան երկրների պրոգրեսիստ-լիբերալ քաղաքականության դիրքորոշումը, որը ավելի ուշ ավելի կմանրամասնենք և կվերլուծենք, կարող ենք նշել, որ այս գաղափարախոսության պաշտպանները բառացիորեն «ալերգիա» ունեն «ազգայնականություն» կամ «սահմաններ» բառերի հանդեպ և, մեղմ ասած, նաև ուժեղ բանակի պահպանման կողմնակիցը չեն: Ընդհակառակը, նրանք թուլացնում են իրենց իսկ զինված ուժերին, հասարակության աչքերում աղավաղում են բանակի դերը և կրճատում բյուջեն՝ հասցնելով այն կետին, երբ բանակը դառնում է անմարտունակ:

Գերմանիան Եվրոպական միության առաջին տնտեսական պոտենցիան է, ինչպես նաև նրա ամենախիտ բնակեցված երկիրը, համարվում է ԵՄ-ի առաջատարը շատ հարցերում, առանցքային երկիրը, հետևաբար սպասելի է նաև, որ իր պարտավորությունների և ղեկավար դերի շնորհիվ Գերմանիան կունենա համապատասխան հզոր և մրցունակ Զինված ուժեր: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Գերմանիան հանդիսանում է աշխարհում ռազմական տեխնիկայի հիմնական արտադրող և արտահանողներից մեկը:

Այնուամենայնիվ, տարիներ շարունակ ունենք գերմանական Զինված ուժերի վատ վիճակի վերաբերյալ հաշվետվություններ: 2017 թվականի վերջին պարզվել է, որ Գերմանիայում գործող 6 սուզանավերից ոչ մեկը չի եղել գործունակ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք երկար ժամանակ սպասում էին վերանորոգմանը, օպերատիվ չէին նաև 56 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներից 32-ը, գերմանական բանակի տարբեր պաշտոնյաներ բողոքել են, որ չեն կարողանում պատրաստել ինքնաթիռների և ուղղաթիռների անհրաժեշտ քանակով օդաչուներ, ինչպես նաև ահազանգել են պահեստավորված ռազմական տեխնիկայի վատ վիճակի մասին:

Ըստ մեկ այլ ՝ 2016 թ. զեկույցի՝ նշվում է, որ Գերմանիան չի կարողացել ուղղաթիռներ տրամադրել Հնդկական օվկիանոսում ծովահենության դեմ առաքելությանը, քանի որ նրանք չեն գտնվել օպերատիվ վիճակում: Ներկայիս դրությամբ հայտնի է նաև, որ գերմանական ռազմաօդային ներուժը նվազագույնի է հասցված. 109 Eurofighter ինքնաթիռից  ընդամենը 42-ը կարող է վերելքի գնալ: Բացի դրանից՝ բանակն աստիճանաբար վեր է ածվել պետական աշխատողներ պահելու միջոց, քանի որ բյուջեի 50%-ը ծախսվում է աշխատավարձերի և միայն 16%-ը՝  տեխնիկայի վերանորոգման, պահպանման և նորի ձեռքբերման վրա: Իսկ ո՞րն է սրա պատճառը:

Տարբեր կառավարություններ նախընտրել են սերմանել պացիֆիստ և հասարակության ռազմական ասպեկտի հետ չկապված քաղաքականություն, ինչը ժամանակի ընթացքում բերել է նրան, որ գերմանացիներն իրենց բանակի և ռազմական ծախսերի մասին ունենան վատ պատկեր և դրանք ասոցացնեն ոչ անհրաժեշտ միջոցների ու ծախսերի հետ: Սրան է նպաստել նաև այն, որ կառավարությունն աստիճանաբար նվազեցրել է ՀՆԱ-ից զինված ուժերին հատկացված տոկոսը՝ ամեն անգամ հենց այս ոլորտում կրճատումներ կատարելով, երբ կարիք է եղել բյուջեում սահմանափակումներ կատարել կամ մեկ այլ ոլորտին գումար հատկացնել:

Իրականությունն այն է, որ պրոգրեսիստ՝ առաջադեմ,  հասարակությունը միամիտ հասարակություն է, որը կարծում է, որ բանակը կինոյի վատ տղան է, քանի որ զենք ունի: Ու այսպես է ստացվել, որ եվրոպական բանակները վերածվել են համարյա թե հասարակական կազմակերպությունների:

Երևի թե ամենաուսուցողական օրինակն Իսպանիայինն է, որի Զինված ուժերը տարիներ շարունակ ստանում էին թշնամուն կրակելուց խուսափելու հրամաններ, քանի որ դա կստեղծեր բռնություն կիրառող երկրի կերպար: Այդպես եղավ, որ շատ պոպուլյար դարձավ իսպանական նավերը և զինվորներին գերի վերցնելը, քանի որ Իսպանիայում և Եվրոպայում գոյություն ունեցած ամենապրոգրեսիստ 2004-ից 2011 թթ. կառավարությունը միշտ ընդունել է առևանգողների հետ բանակցությունների գնալը, նրանց ցանկությունները կատարելը և պահանջվող գումարները տալը, ինչպես նաև երաշխավորել է, որ հանցարարները կարող են առանց հետապնդման փախուստի դիմել գումարի հետ միասին: Իսպանական բանակի բյուջեն տարեցտարի այնքան է կրճատվել, որ զգալի չափով պակասել է հասանելի ռազմական անձնակազմի քանակը և այն դարձել է արևմտյան երկրներից ամենափոքր ռազմական ծախս ունեցող երկրներից մեկը: Որպեսզի ավելի պարզ լինի, նշեմ, որ Հայաստանում՝ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում, բանակը կազմում է մոտ 60,000-70,000 մարդ, իսկ 46 միլիոնանոց Իսպանիայում՝  121 հազար: Այս կրճատումները հասարակությանը ներկայացվել են միշտ որպես ծախսերի կրճատում, ռազմական ծախսեր, որոնք պրոգրեսիստները անիմաստ են համարում ու գերադասում են տրամադրել այլ հարցերի:

Ու բացարձակապես զարմանալի չէ, որ նրանք այդքան քիչ աֆեկտ ունեն երկրի սահմանների և ազգային անվտանգության ուղղակի երաշխիք հանդիսացող մի հաստատության նկատմամբ, քանի որ պրոգրեսիստները լսել անգամ չեն ուզում սահմանների մասին: Ինչպես ասել է Իսպանիայի գործող նախագահը. «Ես չեմ հավատում սահմաններին (իսպաներենից թարգմանությամբ նշանակում է՝ չեմ ընդունում սահմանները, նրանց գոյությունն ու իմաստը)»:

Սահմանները, Արևմտյան Եվրոպայի առաջադեմ, պրոգրեսիստ կառավարությունների մեծ մասի համար զարդարանք են՝ դեկորացիա: Ու նրանք չեն էլ պատրաստվում ու ցանկություն անգամ չունեն կանգնեցնելու անօրինական, իլեգալ ներգաղթը, այլ հակառակը՝ դեռ մի բան էլ ավելին՝ օգտագործելով ծիծաղելի արգումենտներ՝ ցանկանում են հասարակությանն այն ներկայացնել որպես դրական երևույթ:

Այսպիսով՝ սահմանների նկատմամբ այս արհամարհանքի շնորհիվ է, որ ներկայումս Արևմտյան Եվրոպայում հաջողվել է բնակություն հաստատել մոտ 7 միլիոն թուրք: Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը Եվրոպայում ապրող թուրքերին դիմեց Բոսնիայում վերջերս կայացած ելույթում. «Եթե դուք ապրում եք Եվրոպայում, ընդունեք քաղաքացիությունը, բայց պահեք ձեր հավատքը և ձեր լեզուն», ինչն ակնհայտորեն բացահայտում է, թե Թուրքիայի նման երկիրը (շատ այլ երկրների նման) ինչպես է օգտագործում այլ երկրներում ապրող իր ազգակիցներին տվյալ երկրների ներքին հարցերին, ընտրություններին և քաղաքականությանը խառնվելու ու ազդեցություն ունենալու համար:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ընդունել, որ Թուրքիայի նման երկրները խառնվեն իր ներքին քաղաքականությանը: Միայն այն դեպքում, եթե հայերը թույլ տան, ինչն ակնհայտ ինքնասպանություն է: Ու եթե սահմանների վերաբերյալ այս քաղաքականությանը հաջողվել է հասնել նրան, որ Թուրքիան ունենա նման ազդեցություն (ու եկեք չմոռանանք նաև, որ կան բազմաթիվ այլ երկրներ, որտեղից կա հսկայական իլեգալ միգրացիա դեպի Արևմտյան Եվրոպա, ինչպիսիք են Մարոկոն, Պակիստանը, Սոմալիան, Սենեգալը…), ինչը չի հաջողվի անել Հայաստանի նման փոքրիկ երկրում:

Գերմանիայում հետևանքներն ավելի քան տեսանելի են, որոնց հասել են պրոգրեսիստ քաղաքական գործիչների աշխատանքով և աղանդավորական շարժումների ամենալավ տրադիցիաներին համապատասխան հիպնոսացված հասարակության մի հատվածի աջակցությամբ: 2015թ․-ին Համբուրգի խորհրդարանում, Կանաչների կուսակցության ներկայացուցիչ տիկին Վոն Բերգը խոսքի իր հերթի ժամանակ ասաց հետևյալը. «Մեր հասարակությունը կփոխվի: Եվ մեր քաղաքը ռադիկալ կփոխվի: 20-30 տարի հետո գերմանացիները այլևս չեն լինի մեծամասնություն: Սա են փաստում ներգաղթի մասին հետազոտությունները: Մենք կապրենք բազմազգ ու բազմէթնիկ՝ բազմամշակութային երկրում: Սա է մեր ապագան, և ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի, հատկապես պահպանողականների համար՝ ՍԱ ԼԱՎ ԲԱՆ Է»:

Բանն այն է, որ պրոգրեսիստները, չնայած որ երբեմն քողարկվում են ազգայնականների դիմակի տակ, երբեք չեն մոռանում իրենց իրական նպատակները: Նրանք հիանալի գիտեն, որ հասարակությունը չի աջակցի իրենց գաղափարներին քանի դեռ հասարակությունում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները և չեն ունեցել գոնե որոշակի առաջընթաց իրենց օրակարգում, հետևաբար դեռևս չեն կարող բարձրաձայնել իրենց իրական նպատակների ու գաղափարների մասին:

Եվ ինչպես բոլոր լիբերալ-պրոգրեսիստները, նրանք ատում են ազգայնականությունը և այն ամենն, ինչը կապ ունի ազգային տարբերակման հետ: Ֆրանսիայում բնակվող սոմալացին նրանց համար ֆրանսիացի է: Եթե Բելգիայում կան մահմեդականներ, ապա իսլամը բելգիական կրոն է: Միակ չափանիշը, որ մարդը լինի իտալացի, այն է, որ նա իրեն համարի իտալացի: Այսպես՝ 2017 թ. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ «գոյություն չունի այն, ինչը կարող ենք կոչել ֆրանսիական մշակույթ» այն առումով, որ չի կարելի ասել, որ ավանդույթը, սովորույթը, կրոնը կամ լեզուն հատուկ են Ֆրանսիային, քանի որ ցանկացած մեկը, ով ֆրանսիացի չէ, կարող է դառնալ ֆրանսիացի, հետևաբար չեն կարող սահմանափակել՝ ինչն է ֆրանսիական, ինչը՝ ոչ:

Մեկ այլ օրինակ է Շվեդիան, որը գուցե եվրոպական այն երկիրն է, որի դեպքն իր ծանրությամբ միշտ առանձնանում է մնացած եվրոպական երկրներից: Տարօրինակ երկիր է, սյուրռեալիզմի սահմաններին հասնող: Շվեդիայում փոխում են դասական ստեղծագործությունների վերնագրերը, որովհետև կարող են վիրավորական լինել օտարերկրացիների կամ «փոքրամասնությունների անդամների» համար․ այսպես են նրանք կոչում ցանկացած սոցիալական խումբ, որը չի ներկայացնում երկրի մեծամասնությանը, սակայն առավել զարմանալի է այն, որ նրանք որոշակի շվեդական ավանդույթներ համարում են ռասիստ կամ քսենոֆոբ: Օրինակ՝ ավանդական տարազները, Սուրբծննդյան տոնը կամ եկեղեցու զանգերի ղողանջը: Բոլորը՝ հանուն պրոգրեսիզմի:

Այո, գիտեմ, որ շատերի համար դժվար է հավատալ սրան, որ հաստատ որևէ հնարք կա այս ամենի մեջ: Կամ ավելին՝ Հայաստանին նման կերպարանափոխությունը չի սպառնում ու անհնարին կլինի: Բայց հիշեք ու հաշվի առեք մի բան՝ այդ երկրների ժողովուրդները նույնպես չէին հավատում, որ այս ամենը տեղի կունենա:

Ա&Գ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել