Ինչպես և սպասվում էր, նույնիսկ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, վատահամբավ և կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի «հրաժարականը» որևէ կերպ չի ազդել ՇՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների վրա, քանի որ նախկին ռեկտորը, ով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայությամբ մայիսի 15-ին իբրև թե հայտարարել էր իր հրաժարականի մասին, սակայն միայն մայիսի 18-ին նոր ռեկտորի պաշտոնից հրաժարվեց, չի էլ մտածում, որ իրականում նա չէ ռեկտորը։

Այսօր՝ մայիսի 21-ին, Սահակ Մինասյանը, ըստ լուրերի, առավոտվանից գտնվում էր բուհում (տեսել են բազմաթիվ մարդիկ) և բավական ակտիվ հրահանգներ է տալիս։ Սա՝ այն դեպքում, երբ ՇՊՀ-ում ակտիվ հետաքննություն են անցկացնում ոստիկանները, և նախկին ռեկտորը, գտնվելով բուհում, ակտիվորեն ազդում է համալսարանում ծավալվող գործընթացների վրա։ Հետաքրքիր է, ԿԳՆ-ում տեղյա՞կ են, որ Սահակ Մինասյանը և իր ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներ, որոնք բացարձակ կապ չունեն ՇՊՀ-ի հետ և աշխատում են ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում, ժամը 09.00-ից մինչև երեկո գտնվում են համալսարանում և վերահսկում են ամեն ինչ։ Չեմ զարմանում, քանի որ այս ամենը սպասելի էր։ Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը չի կարող ընդդիմանալ Սահակ Մինասյանին, քանի որ նա ՇՊՀ-ում իր հասած դիրքի համար ամբողջությամբ պարտական է Սահակ Մինասյանին։

ՇՊՀ-ում տեղի ունեցավ այն, ինչի մասին երազում էին ՀՀԿ-անները հանրապետության մասշտաբով, երբ հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանին փոխարինելու կգա Կարեն Կարապետյանը։ Բոլորն էլ շատ լավ հասկանում էին, որ դա ընդամենը հասարակությանը ժամանակավորապես խաբելու քայլ է. միևնույն է, իշխանությունը գտնվելու էր Սերժ Սարգսյանի ձեռքում, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր։ Նույն էլ հիմա կատարվում է ՇՊՀ-ում. ռեկտորի պարտականությունները կատարող ունենք, սակայն որքան հասկանում ենք, և փաստերն էլ ակնառու են, վաստակավոր կոռումպացված Սահակ Մինասյանը չի էլ մտածում լքել ՇՊՀ-ն։ 

Ի դեպ՝ վերջին տեղեկությունների համաձայն՝ Սահակ Մինասյանը հետին թվով ակտիվորեն փաստաթղթեր է ստորագրում և որոշումներ ընդունում։ Օրինակ՝ այսօր հաստատված գիտխորհրդի նոր կազմը ներկայացրել է հետին թվով՝ մայիսի 7-ով, որ ինքն էլ ստորագրի այդ փաստաթուղթը։ 

Այս խառնակ և անտերության մթնոլորտը ՇՊՀ-ում էլ ավելի խայտառակ իրավիճակ է ստեղծել բուհում, որտեղ ուսումնական գործըթացը դեռ չի մտել նորմալ փուլ, իսկ համալսարանի ֆինանսական դրությունն էլ օրհասական է։ Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում է 242 273 000 դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել