Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս է վերադարձել եվրոպական համերգային շրջագայությունից: Այս անգամ մեկնել էր ժողովրդական երգիչներ Դավիթ Խաչատրյանի և Պետրոս Պետրոսյանի հետ, իսկ հաղորդավարներին էին Արմինե Հաիրյանը և Գևորգ Չուլյանը: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ հիմա նախապատրաստվում է քննություններին, զուգահեռ աշխատում նոր երգերի վրա:

«Համերգների ժամանակ կատարել եմ այնպիսի երգեր, որոնք հանդիսատեսն իմ կատարմամբ չի լսել, դրանք ավելի ժողովրդական և հայրենասիրական էին: Կատարել եմ իմ կոլեգաների երգերից, իհարկե, նրանց թույլտվությամբ: Չեմ բացառում՝ եթե կարիքը կամ առիթը լինի, երգեմ նման երգեր»,- պատմում է Մաշան:

«Ամեն անգամ ասում եմ` նոր երգ ունեմ, բայց հիմա կրկին պետք է ասեմ, որ ևս մեկն է ավելացել: Բայց ամեն անգամ ինչ-ինչ խնդիրների պատճառով հետ է ընկնում, կամ գուցե համերգներն ավելի եմ գերադասում, քան նոր երգը: Հիմա աշխատում եմ, երաժշտությունը պատրաստ է, բայց հիմա արդեն բառերն եմ փնտրում: Այդ երգը ես և իմ բենդից Գարիկը միասին ենք գրել, այսինքն՝ մեծ մասամբ պատրաստ է»:  

Երգչուհու խոսքով՝ նոր աշխատանքը տեսահոլովակով կներկայացնի. «Հայաստանում տեսահոլովակը մեծ դեր ունի, անգամ երգից շատ: Եթե հանդիսատեսը վիզուալ չի տեսնում, թե ինչ է կատարվում, երգը չի ընդունվում այնքան մեծ շուքով, որքան, երբ համերգին երգես կամ աուդիո տարբերակով: Օրինակ՝ օտարերկրացի աստղերը երբ սովորական ասուդիո տարբերակ են տարածում, չեք կարող պատկերացնել՝ ինչ աստիճանի արձագանք է լինում, իսկ Հայաստանում այլ է»:

Մաշան նշում է, որ հիմա թե՛ դրսից և թե՛ Հայաստանից համերգային արշավների առաջարկները բալանսավորված են: Ակումբներում երգում է իր բենդի հետ, ակտիվ տեմպով աշխատում է, մասնակցում տարբեր միջոցառումների:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել