Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև ավելի լավը կդառնան:

«Կարծում եմ, որ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև կփոխվեն, սակայն միայն դեպի լավը: Ես գրեթե վստահ եմ դրանում: Հասկանում եմ, որ Մոսկվայում մտահոգություններ կան, և կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո այդ մտահոգությունները չեն լինի, և ամեն ինչ հայ-ռուսական հարաբերություններում կփոխվի դեպի լավը»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում իրականացված ցույցերն արտաքին քաղաքականությանն առնչվող նպատակներ չեն հետապնդել, և կատարվածը ներքին քաղաքական գործընթաց է եղել՝ կապված ներքին խնդիրների հետ:

Նա շեշտել է, որ արևմտամետ կամ ռուսամետ գործիչ չի հանդիսանում: «Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ իրանամետ և ո՛չ էլ վրացամետ: Ես հայամետ եմ: Ներկա պահին ես վարչապետ եմ և հանդես չեմ գալիս որպես որևէ խմբակցության կամ կուսակցության անդամ: Ես այժմ ներկայացնում եմ հայ ժողովրդին և համազգային շարժումը, որը ոչ մի արտաքին քաղաքական հարցեր չէր դրել իր առաջ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվելու:

Անդրադառնալով ԵԱՏՄ օրակարգին և կառույցում ՀՀ ներկայացուցչական կազմի փոփոխություններին՝ Փաշինյանը նշել է, որ աշխատելու է այն օրակարգի շուրջ, որն արդեն առկա է, ինչպես նաև քննարկումներ է անցկացնելու ընթացքում ի հայտ եկող հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում հայկական ներկայացուցչության կազմում որոշակի կադրային փոփոխություններ կլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել