Յուրաքանչյուր երկիր ունի իր տեսարժան վայրերը, որոնք իրենց մեջ պարփակում են ժողովրդի բնավորությունն ու երկրի ողջ գեղեցկությունը, և այնպիսի երևույթներ, որոնք արտացոլում են դրանք:  Ձեզ ենք ներկայացնում այն կարևորագույն գործողությունները, որոնք Հայաստան այցելելիս պետք է անի յուրաքանչյուր զբոսաշրջիկ:

Տոլմա համտեսել տոլմայի հայրենիքում

Տոլման հայկական ագային ուտեստ է, որը հայտնի է գրեթե ողջ աշխարհին: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ուտեստ ամենահամեղն այնտեղ է լինում, որտեղ դրա հայրենիքն է, հետևաբար տոլմա անհրաժեշտ է համտեսել հենց այստեղ: Բացի տոլմայից՝ Հայաստանում հարկավոր է փորձել մի շարք ազգային ուտեստներ ևս, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկի ճամփորդություն կվերածեն անմոռանալի տոնի։

Լողալ Սևանում և տեղի իշխան համտեսել

Ե՛վ հայաստանցիները, և՛ Հայաստանի հյուրերն ուղղակի պաշտում են Սևանա լիճը, առավելապես շոգ եղանակին, որը մոտենում է: Հայերի պարծանքը համարվող Սևանում կարող եք համտեսել նաև իշխան ձուկ, որը միայն այստեղ կգտնեք: Այս լիճն այնքան սիրված և կարևոր է հայերի համար, որ այն հաճախ ծով են կոչում: Այստեղ գալիս չմոռանաք այցելել Սևանավանք, որը IX դ. վանական համալիր է:

Նայել աշխարհին արվեստագետի աչքերով

Հանրահայտ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Թբիլիսիից եկած հայը ցանկանում էր ապրել հայկական մայրաքաղաքում, և այսօր այն տանը, որը կառուցված էր նկարչի համար, ցուցադրվում են Փարաջանովի՝ Հայաստանին նվիրված աշխատանքները:

Հայաստանի հոգևոր կենտրոն այցելություն կատարել

Էջմիածինը համարվում է աշխարհում առաջին պետական քրիստոնեական տաճարը: Այն կառուցվել է IV-V դարերում: Համալիրը ներառում է եկեղեցի, թանգարան, որտեղ պահպանվում են պատմական կարևոր մասունքներ, ինչպես նաև այստեղ է գտնվում կաթողիկոսի նստավայրը:

Ծանոթանալ հայկական գորգագործությանը և գորգ ձեռք բերել

Երևանի Վերնիսաժում կարող եք տեսնել հայ վարպետների ձեռքի շատ աշխատանքներ՝ ոսկե, արծաթե, թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, կտավներ, քանդակներ: Սակայն կարևորագույն նշանակություն ունեն հայկական ավանդական գորգերը, որոնք անհավատալի բարդ ու հետաքրքիր նախշեր ունեն:

Դուդուկի երաժշտությունը վայելել

Հայ ազգային խորհրդանիշներից է դուդուկը, որը փափուկ, սակայն միաժամանակ արտահայտիչ հնչողություն ունի: Դուդուկը պատրաստվում է հատուկ տեսակի ծիրանենու փայտից, որը գոյություն ունի միայն Հայաստանում: Այսօր դուդուկ երաժշտական գործիքը համաշխարհային հռչակ է վայելում, և դրա արձակած երաժշտությունը հնարավոր է լսել ամենահայտնի ֆիմերում ու երաժշտական կատարումներում:

Բարձրանալ Կասկադը

Երևանի սրտում՝ Կենտրնում գտնվող Կասկադը բազմաթիվ աստիճաններից բաղկացած ճարտարապետական համալիր է: Խոշորագույն համերգները, փառատոններն ու ֆլեշմոբերը հաճախ հենց այստեղ են անց կացվում:

Խմել աշխարհի ամենահամեղ ջուրը

Սա անելը բավականին դյուրին է, քանի որ Հայաստանի բոլոր քաղաքներում գրեթե ամեն քայլի վրա կհանդիպեք ցայտաղբյուրների, որոնցից մաքուր ու համեղ ջուր է հոսում:

Նստել ամենաերկար ճոպանուղին

Տաթևի տաճարը շրջապատող բնությունը դեռ երկար կպահպանվի զբոսաշրջիկի աչքերում: Այստեղ է գտնվում աշխարհում միաժամանակ և՛ ամենաերկար, և՛ ամենաբարձր ճոպանուղին, որից էլ կարող եք դիտել բնության այդ հրաշք տեսարանը:

Զբոսնել գիշերային Երևանում

Մայրաքաղաքում երեկոյան ժամերին զբոսնելը սովորույթ է տեղի բնակիչների համար, հատկապես ամառային ամիսների ընթացքում: Քաղաքի կենտրոնում, որտեղ շատ են հարմարավետ այգիներն ու սրճարանները, յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին համապատասխան միշտ կտեսնեք ծանոթ մարդկանց, կշփվեք հետաքրքիր մարդկանց հետ և ուղղակի կվայելեք երեկոյան երևանյան հանգստությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել