-Ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ և ապակայունացնելով զինադադարի ռեժիմը: 

-Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը՝ ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել և խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։ Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ՝ ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք և ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված և անհնար։

-Ինչո՞վ եք բացատրում միջազգային ոչ ադեկվատ պատասխանը Ադրբեջանի վերջին գործողություններին։

-Այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են և դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը և ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ և չկատարել զսպիչ գործառույթ։ Նույնը վերաբերում է նաև սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել՝ թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։ Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներև է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն ործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան՝ ստեղծելով անհանդուրժելի նախադեպ։

-Ադրբեջանի բոլոր գործողությունները վերահսկվո՞ւմ են կենտրոնից։ Ես նկատի ունեմ հարձակումները հայկական դիրքերի վրա, խաղաղ բնակչության գնդակոծումը և այլն։

-Չտրամաբանված, անհարկի և ինքնանպատակ սպառազինությունը ստեղծում է մի վիճակ, երբ զենքի կիրառման որոշ գործողություններ դառնում են, իրոք, անվերահսկելի։ Անշուշտ, Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան ծրագրավորված էր և ղեկավարվում էր կենտրոնից, բայց չի բացառվում, որ ներքին օղակներում շատերը զբաղվեն ինքնագործունեությամբ և սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն որևէ զինված գործողություն հայկական դիրքապահ ուժերի դեմ։

-Պարոն նախարար, երբ ակտիվացել էին ադրբեջանական դիպուկահարները, Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի տալու է «ոչ ադեկվատ» պատասխան։ «Ոչ ադեկվատ պատասխան» միտքը շատ դուր եկավ ժողովրդին, երկար ժամանակ այն շրջանառվում էր։ Այսօր Ադրբեջանին սանձելու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

-Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, և Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Ցավոք, կրակոցներ լինում են ամեն օր։ Մենք այդ կրակոցները բացատրում ենք ադրբեջանցի զինվորների փորձառության պակասով (գուցե ինչ-որ ձայներ լսելով փորձում են ինքնապաշտպանվել, վախից են կրակում), քանի որ այդ կրակոցները անհասցե են, անկանոն, անիմաստ։ Մենք դրանց, բնականաբար, չենք պատասխանում։ Իսկ նպատակաուղղված գործողություններին և դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ։

-Պարոն նախարար, ինձ մի հարց է հետաքրքրում… Արդյոք առաջնագծում կանգնած ուժերը արե՞լ են և անո՞ւմ են հնարավոր ամեն ինչ, որ մենք նվազագույն կորուստներով դիմակայենք Ադրբեջանի հարձակումներին։ Հնարավո՞ր էր խուսափել կորուստներից։

-Նույնն է, թե Դուք հարցնեիք՝ կարո՞ղ եք երաշխավորել պատերազմ՝ առանց զոհերի։ Անշուշտ, առաջնագծի ուժերը որքան զգոն ու աչալուրջ լինեն, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։ Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ։

-Պարոն նախարար, Հայաստանի որոշ սահմանային տարածքներում ադրբեջանցիներն ունեն դիրքային առավելություն՝ կապված դիրքերի տեղակայման վայրի հետ։ Շրջանառվել է մի կարծիք, ըստ որի՝ մենք խնդիր ունենք վերացնելու Ադրբեջանի դիրքային առավելությունը, ասել է թե՝ հետ շպրտելու այդ տարածքներից, քանի որ, խախտելով զինադադարի ռեժիմը, նրանք չեն խնայում նույնիսկ խաղաղ բնակչությանը, անգամ ոտնձգություններ են կատարում երեխաների դեմ։

-Այո՛, որոշ տարածքներում ադրբեջանական դիրքերն ավելի բարձր են տեղակայված, և հնարավորություն ունեն գնդակոծելու հայկական տարածքները։ Այո, ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, երբեմն ոտնձգություն է անում խաղաղ բնակչության դեմ։ Սակայն «Ադրբեջանին դիրքային առավելությունից» զրկելու մտահղացումը, փաստորեն, պատերազմ սկսելու նախաձեռնություն է։ Այն սահմանները, որոնք հաստատվել են զինադադարից մինչ օրս, չեն փոխվել և չեն փոփոխվելու։ Կան տարածքներ, որտեղ գյուղացիների մշակվող հողերը մեր դիրքերից առաջ են, և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելը բնավ էլ անվտանգ չէ մարդկանց համար։ Մենք փորձել ենք լուծել խնդիրը, և զինծառայողների պարեկությունը պաշտպանում է սահմանային տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։ Սակայն պիտի անկեղծորեն ասեմ, որ լիարժեք պաշտպանության մասին խոսք լինել չի կարող։

-Որոշ ռազմագետներ և քաղաքագետներ Ադրբեջանի վերոհիշյալ գործողությունները համարեցին նոր պատերազմի նախերգանք։ Իսկ մի մասն էլ այն կարծիքին էին, որ պատերազմի վտանգը առայժմ ակնառու չէ։ Ի՞նչ կարծիքի եք Դուք այս առնչությամբ։

-Պատերազմի վտանգը միշտ ակնառու է։ Մենք երբեք չենք բացառում պատերազմը։ Մենք ամեն օր, ամեն ժամ պատրաստ ենք ընդունելու մարտահրավերը, միևնույն ժամանակ՝ ամեն ինչ անելով, որ պատերազմ չլինի։ Պատերազմը կանխելու ամենաերաշխավորված և արդյունավետ ձևը ուժերի հարաբերակցությունը պահպանելն է և Ադրբեջանին զրկելը պատերազմը հօգուտ իրեն ավարտելու հույսից։ Որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, մենք առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում ենք ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին մեր զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ։ Այսպիսով՝ զսպելով Ադրբեջանի նկրտումները՝ կապված մեծամասշտաբ բախման հետ։ Որպեսզի տեղային ընդհարումները չվերածվեն մեծամասշտաբ պատերազմի, մենք ունենք, պիտի ունենանք մարտունակ բանակ և հզոր պաշտպանական համակարգ։ Սակայն, պիտի ասեմ նաև, որ ադրբեջանական կողմը երբեմն չի խուսափում արկածախնդիր, անհեռանկար, չտրամաբանված ու չերաշխավորված գործողություններից։

Հաշվի առնենք նաև մի շարք երկրների և միջազգային կառույցների ազդեցությունը։ Տարածաշրջանում տնտեսական հետաքրքրություններ ունեցող երկրների շահերն ու խնդիրները չեն համընկնում նոր պատերազմ սանձազերծելու՝ ադրբեջանական կողմի ցանկությանը։ Միջազգային կառույցների խաղաղարար ջանքերը նույնպես արդյունավետ են։

-Պարոն նախարար, ինչպիսի՞ն էր հայ հասարակության արձագանքը ադրբեջանական ագրեսիային և վերահաս պատերազմի հավանականությանը։ Մասնավորապես՝ կցանկանայի, որ անդրադառնաք սահմանը սեփական ուժերով պահելու՝ նախկին ազատամարտիկների կոչին ու նախաձեռնությանը։

-Փոքր, տեղային բախումները պատճառ չեն համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու։ Բանակն ի վիճակի է ինքնուրույն ապահովելու երկրի անվտանգությունը և առայժմ լրացուցիչ համալրման կարիք չունի։ Միևնույն ժամանակ, ես շատ բարձր եմ գնահատում մեր մարտական ընկերների նախաձեռնությունը։ Բարոյական դաշտում այն շատ կարևոր ու ոգևորիչ էր։ Մեկ անգամ ևս հաստատում էր, որ մեր ժողովուրդը ցանկացած պահի պատրաստակամ է կանգնելու բանակի կողքին և պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Ես շատ եմ կարևորում ժողովրդի վերաբերմունքը բանակի հանդեպ՝ հավատը, տրամադրվածությունը, ըմբռնումը, հանդուրժողականությունը։ Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան և ավելի երաշխավորված է զինվորի և սպայի ոգեղենությամբ, խանդավառությամբ և բարոյահոգեբանական վերելքով։ Բանակի ոգեղենության, բանակի հոգեբանական ամրության թերևս ամենակարևոր ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սիրո ու հավատի մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել