Չեմ տրվել սադրանքներին և չեմ տրվելու, էմոցիոնալ, ակնհայտ քննադատության չդիմացող հրապարակումներին: Ռեկտորը փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել: Երեկ արհմիության նախագահը հանգիստ կոչ էր անում գնալ դատարան: Արհմիությունը ամբողջ աշխարհում ստեղծված է բողոքող սոցիալական խմբի շահերը քննարկելու, պաշտպանելու և լուծելու համար:

Կարճ ժամանակ անց տեսանք Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի մեկնաբանությունը՝ «Կարծում եմ՝ ի շահ Շիրակի պետական համալսարանի աշխատողների և ուսանողների՝ Սահակ Մինասյանը ճիշտ կանի՝ հրաժարական տա. այն կնպաստի, որ Գյումրիում անդորրը պահպանվի»:

Արդար բողոքն իրականացնողների դեմ ռեկտորն ուղարկել էր իրենց էմոցիոնալ ճիչերով հուսահատ խլացնել փորձող երկու-երեք աշխատակցուհիների: Օրինակ, հոգեբանության ամբիոնի վարիչը, որը գիտխորհրդում հորդորում էր բողոքող ուսանողների հարցով ծնողական ժողովներ հրավիրել: Ով մեր բողոքների ժամանակ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը` ընդօրինակելով ռեկտորին:

Բղավողների մեջ էր գրադարանի վարիչը, ում «մինասյանական» գործունեության շնորհիվ մենք զրկվեցինք մեր գրքերի զգալի մասից և յուրաքանչյուր բուհի համար հպարտություն հանդիսացող ոսկե ֆոնդից:
Փորձ է արվում մեղադրել Հայաստանում հռչակված քաղաքագետ պարոն Համբարյանին ավելորդ էմոցիոնալության մեջ: Երբ որ բուհի վարչական աշխատակիցը գոռում է ուսանողուհու վրա, ով ուղղակի բողոքում է իրեն սխալ գնահատելու համար, դա, իհարկե, չեք տեսնում: Երբ որ ամիսներ շարունակ երկրում առկա կոռումպացված համակարգի առկայության պայմաններում ընկեր Համբարյանն ու շատերս մեր օրինական բողոքն էինք արտահայտում, ոչ մի ուշադրության չէիք արժանացնում: Երբ որ ռեկտորը շարունակաբար փորձում է կրճատել վարձերի զեղչերը, պահանջում է անհապաղ բերել և մուծել վարձերը, այդ հանգամանքին չեք արձագանքում: Ինչքանո՞վ է արդար, երբ ուսանողները, գիշերները չքնելով, սովորում են` իրենց ապագան կապելով բուհի դիպլոմի կամ խղճուկ 20 տոկոս վարձի զեղչ ստանալու հույսի հետ, իսկ մի քանիսը ստանում են իրենց քննություններն առանց գիտելիք ունենալու՝ ռեկտորի «մտերիմ» լինելու պատճառով:

Կոչս և հորդորս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր հուսահատորեն փորձում են երևույթն այլ կերպ մեկնաբանել ու այլ որակումներ տալ: Հարգելինե՛րս, ձեզ մոլորեցնում է ռեկտորը: Դուք իրավիճակը լավ չեք պատկերացնում, երևույթը ձեզ մեկնաբանվում է այլ կերպ: Այն ժամանակ, երբ օրեր շարունակ արևի տակ մաշվում էինք երթերից ու ցույցերից, ՇՊՀ ռեկտորը մարդիկ էր ուղարկում ՝ «մինասյանական» մարդկանց բացահայտելու, ցուցակագրելու համար: Այն ժամանակ, երբ շատ ուսանողների ցույցերին մասնակցելու համար սպառնում էին 0 նշանակել, բուհից դուրս թողնել, մենք մեր ընկերների հետ պահանջում էինք անհապաղ վերջ տալ այդ ապօրինությանը:

Հասկացե՛ք մի պարզ ճշմարտություն, ձեզ փորձում է օգտագործել, իր համար, բացի անձնական շահից, գոյություն չունի այլ կարծիք: Բոլորս գիտենք՝ երիտասարդներին օգտագործելը, շահագործելը, հեղինակազրկելը Մինասյան ռեկտորի միակ կարողությունն է: Ներկայիս ռեկտորն այդ փորձն արել է շատերի հետ, զգացել եմ սեփական մաշկիս վրա և թույլ չեմ տվել, որ ո՛չ իմ, ո՛չ էլ ուսանողական ինքնակառավարման անունը վատաբանվի: Ռեկտորն իրեն սպառել է, ռեկտորը կգնա, մի՛ տրվեք ազդեցությանը, խոստումներին: Ձեզ բոլորիդ ճանաչում եմ ու շարունակելու եմ լավ վերաբերվել:

Ռեկտորը բուհի դասախոսներին աշխատանքից ազատելուց հետո ոչ մի գիտխորհուրդ չի հրավիրել, բուհը կառավարում է իր «շքեղաշուք» կաբինետից: Բուհի կառավարման համակարգում կատարում է փոփոխություններ՝ նախադեպ, որ չունի ոչ մի հայաստանյան բուհ: Իսկ միակ նպատակը ոչ թե օպտիմալացումն է, այլ անցանկալի տարրերից ազատվելը:

Հեղափոխությունը հաղթանակել է երկրում, կառուցում ենք մեր ապագան, ռեկտորը բարձրաձայնում է, որ հարգում է երիտասարդության կարծիքը. բուհում նման սարսափելի պատկերի առկայության դեպքում ի՞նչ թատրոն եք սարքել, պարո՛ն Մինասյան:

Ինձ հետ զրույցում ներկայիս ռեկտոր Մինասյանը նշեց. «Դուրս գալով իմ դեմ` դու դուրս ես գալիս Հանրապետական կուսակցության դեմ»: Այն ժամանակ պարոն Մինասյանը հստակ համոզվեց, որ չեմ նահանջելու: Հրապարակային և հստակ կերպով նշում եմ: Դուրս եկանք Ձեր դեմ էլ, դուրս եկանք հանրապետական կուսակցության դեմ էլ, դուրս եկա Սերժ Սարգսյանի դեմ էլ, որի դեմ պայքարելը տարիներ շարունակ անիմաստ էր համարվում, և հեղափոխությունը, շնորհիվ համազգային առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, հաղթեց:

Ձեզ էլ ենք հաղթելու` մեր համազգային Սիրո և հանդուրժողականության հեղափոխության գաղափարաբանության հանրահռչակ պահանջներով և գործելաոճով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել