Yerkir.am-ը գրում է.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ, քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Այս կապակցությամբ Աղվան Վարդանյանը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր:

Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ:

Մնացածը տասներորդական է:

Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում:

Երբեմն:

Բայց սա էլ է տասներորդական:

Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում:

Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է:

Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել