Հաշվի առնելով միջազգային լարվածության աճը և միջազգային քաղաքականության խոշոր դերակատարների դիրքորոշումների տարբերությունը կարևոր աշխարհաքաղաքական սցենարներում (Սիրիայում, Արևելյան Ասիայում և Արևելյան Եվրոպայում)՝ կարելի է տեսնել, որ Հայաստանը կանգնած է կարևորագույն ռազմավարական և քաղաքական դիրքորոշման ընտրության առջև: Մի կողմից՝ Հայաստանը կարող է մնալ իր «բնական» միջավայրում՝ պատմական դաշինքների ներքո՝ ձգտելով բարելավել իր պայմանավորվածություններն ու հարաբերությունները: Մյուս կողմից՝ կա նաև հնարավորություն անհայտ տարածք մուտք գործելու և փորձելու մոտենալ Եվրոպական միությանը՝ հանդես գալով որպես նոր երկիր, որը ստիպված կլինի խաղալ այլ եվրոպական երկրների կողմից սահմանված կանոնների համաձայն: Այդ պատճառով մի շարք գրառումների միջոցով կփորձենք բացահայտել և վերլուծել այն գործոնները, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի վրա, բայց դրանց տեխնիկական բնույթի կամ տեղեկատվության պակասի պատճառով լայնորեն հայտնի չեն, չնայած որ շատ կարևոր են այս պահին երկրում պատմական իրադարձությունների ֆոնի վրա:

Սովորաբար երկրի միջազգային քաղաքականության վերաբերյալ զրույցը ձգտում է կենտրոնանալ առևտրային համաձայնագրերի և պատմական դաշինքների վրա: Բայց Հայաստանի դեպքում մենք չպետք է մոռանանք միջազգային քաղաքականության ռազմական և դիվանագիտական դաշինքների մասին, քանի որ երկրի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերներից է Արցախի հակամարտությունը: Այդ իսկ պատճառով պետք է պատասխանենք մի քանի կարևոր հարցի: Արդյո՞ք ԵՄ-ի հետ մոտեցումը կունենա դրական ազդեցություն Արցախի հարցի լուծման վրա, թե ընդհակառակը՝ դա կլինի աղետ, ռազմական և դիվանագիտական մակարդակով:

Իսկապե՞ս կարևոր է ՌԴ-ի հետ դաշինքն այս հակամարտության մեջ, թե մեզ համար այնքան էլ անհրաժեշտ չէ:
Միջազգային մակարդակով Ադրբեջանի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությանը: Սա հիմնականում պայմանավորված է էներգետիկ ոլորտից ստացված տնտեսական շահերի և եվրոպական երկրների, ինչպես, օրինակ, Իտալիայի հետ պայմանավորվածությունների, բայց նաև Թուրքիայի հետ հարաբերություններով, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ մատակարարներին և փորձել ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունների տարածքը: Բացի այդ՝ այդ համաձայնագրերը Ադրբեջանին տալիս են ֆինանսական միջոցների զգալի հոսք, որը թույլ է տալիս ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում և արդիականացնել բանակը: Այս ամենը հանգեցրեց Ադրբեջանի կողմից օտարերկրյա ռազմական արտադրանքի ձեռքբերմանը:

Ռուսաստանը հաճախ մեղադրվում է Ադրբեջանին սպառազինություն և ռազմական տեխնիկա վաճառելու մեջ, սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանը վաճառում է զենքեր, որոնք Ադրբեջանը կարող է հեշտությամբ ձեռք բերել ցանկացած այլ երկրից: Ադրբեջանական զինված ուժերի համար զենքեր և սարքավորումներ են արտադրվում Գերմանիայում, Թուրքիայում, Ամերիկայում և հատկապես Իսրայելում (որը նույնիսկ վաճառել է հակատանկային հրթիռներ և դրոններ), ինչը, կարծես, հայազգի եվրոպամետների համար թշնամանքի լուրջ խորհրդանիշ չի համարվում և պարբերաբար վրիպում է իրենց աչքից:

Բացի այդ՝ զենքի վաճառքի հետ կապված երկու կարևոր գործոն էլ պետք է հաշվի առնել.

1. Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին և Ադրբեջանին, բայց Հայաստանի դեպքում ինքնարժեքով, իսկ Ադրբեջանին վաճառում է շուկայական գներով: Բացի այդ՝ Հայաստանի հետ գոյություն ունեն այնպիսի լայնածավալ համաձայնագրեր, որոնք ներառում են զիջումներ այլ ոլորտներում և թույլ են տալիս սպառազինություն գնել Ռուսաստանի տրամադրած վարկի միջոցով:

2. Ռուսաստանը, զենք վաճառելով հակամարտության երկու կողմերին, վերահսկում է երկու կողմերի ռազմական սպառազինության միջոցները, ինչը նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Հայաստանը տվյալ դեպքում շահագրգռված է պահպանել ստատուս քվոն, այսինքն՝ Արցախը դե ֆակտո գտնվում է ՀՀ-ի վերահսկման տակ իսկ Ադրբեջանը պետք է դիմի որոշ քայլերի իր նպատակներին հասնելու ցանկության դեպքում: Այս սկզբունքը հարգելով՝ Ռուսաստանն անուղղակիորեն պաշտպանում է Հայաստանին Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման փորձից, առանց վերջնականապես փչացնելու իր հարևանի հետ հարաբերությունները:
Այս պահին կարևոր է նաև հասկանալ, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի ԵՄ-ին մոտեցումը, ինչպիսի՞ն է Եվրամիության և նրա անդամ երկրների դիրքորոշումն Արցախի հակամարտության հարցում: Չնայած որոշ երկրներ միշտ ցուցաբերել են լավ տրամադրվածություն Հայաստանի հանդեպ (Հունաստանը և որոշ չափով՝ նաև Ֆրանսիան), բայց Եվրամիության դիրքորոշումը միշտ եղել է բարենպաստ Ադրբեջանի համար, և դրա մասին կան բազմաթիվ փաստաթղթեր ու հայտարարություններ թե՛ Եվրոպական միության, թե՛ առանձին ԵՄ պաշտոնյաների կողմից:

Բերեմ մի քանի օրինակ.

– 2007թ․ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առիթով Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) պլատֆորմայի հայտարարության մեջ, որին, բացի ԵՄ երկրներից, միացել են նաև Մակեդոնիան, Ուկրաինան, Թուրքիան և Վրաստանը, նշվում է.
«Եվրամիությունը շեշտում է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չի ճանաչում նաև այս նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, որը չպետք է ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»:
– Կամ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 09/02/2018-ին, ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունները.

«Մենք գտնում ենք, որ ներկայիս իրավիճակը անթույլատրելի է և հակամարտությունը ռազմական լուծում չունի: […] Ադրբեջանը կարևոր գործընկեր է: Հարավային գազային միջանցքը մեր ռազմավարական հարաբերությունների միայն մեկ օրինակն է, որը ծառայում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Եվրամիության շահերին»:
Իրականությունն այն է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, շատ ավելի կարևոր, եթե դրանք համեմատենք այն հարաբերությունների հետ, որոնք ԵՄ-ն կիսում է Հայաստանի հետ: Բայց այս մասին՝ հաջորդ անգամ:

Մեկ այլ օրինակ է Եվրամիության խորհրդարանի 10/23/2013 թ. բանաձևը մինչև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու կամ չստորագրելու որոշումը, որը վերջնականապես մերժվեց Հայաստանի կառավարության կողմից հօգուտ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման: «Արևելյան գործընկերության» վերաբերյալ 16-րդ կետում հիշատակված «Եվրոպական հարևանության քաղաքականության մասին. միության ամրապնդման մասին» խորագրով նշվում է հետևյալը.

«[Եվրամիությունը] մեկ անգամ ևս հիշեցնում է իր դիրքորոշումը, որ Արևելյան համագործակցության անդամ երկրի տարածքի օկուպացիան համագործակցության մեկ այլ երկրի կողմից խախտում է Արևելյան գործընկերության նպատակները և հիմնարար սկզբունքները, և որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի 1993 թ.և ԵԱՀԿ բանաձևերին…»:

Հետաքրքիրն այն է, որ, չնայած ԵՄ-ի նման դիրքորոշմանը, շատ հայերի դուր չեկավ նախկին նախագահ Սարգսյանի վերջնական հրաժարումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը: Իրականությունն այն է, որ, տնտեսական պատճառներից զատ, որոնք կքննարկենք առանձին, Ռուսաստանի հետ գործընկերությունն առաջարկում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող առավելություններ, իսկ Եվրամիության երկրները դնում են Հայաստանին ընտրության առջև՝ կա՛մ խորացնել ԵՄ հարաբերությունները, կա՛մ պահպանել դրանք Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն թե՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական ասպարեզում, որովհետև Հայաստանը կանգնած է վտանգի առջև՝ մնալ առանց ռազմական աջակցության տնտեսապես ավելի հզոր երկրի դիմաց: Ու քանի որ Հայաստանի համար նաև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն ավելի կարևոր են, քան ԵՄ-ի հետ, տրամաբանական է հարցնելը, թե արդյո՞ք այն, ինչ առաջարկում է ԵՄ-ն, այդքան արժե, որ չեղյալ հայտարարվեն ՌԴ-ի հետ կարևոր համաձայնագրեր, մանավանդ երբ ԵՄ-ն պատմականորեն եղել է Ադրբեջանի կողմնակիցն Արցախի հարցում, Ադրբեջանն ունի այնքան ազդեցություն ԵՄ-ում, որ անգամ կա հատուկ ադրբեջանական լոբբի հաստատության սրտում՝ արդյոք տրամաբանակա՞ն է մեծացնել կախվածությունը մի կառույցից, որը գտնվում է թշնամի երկրի ազդեցության ներքո այնպիսի մի հարցում, որն ուղղակիորեն սպառնում է ՀՀ անվտանգությանը:
Ինձ համար գոնե ամեն ինչ պարզ է, ԵՄ-ի հետ մերձեցման մեջ ներգրավված կորուստները վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունն ու գոյությունը, մինչդեռ ԵՄ-ի առաջարկածը ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ռազմական ասպարեզում համեմատելի չեն Ռուսաստանի առաջարկածին:
Ահա թե ինչու Հայաստանը պետք է զգույշ լինի, երբ քաղաքական գործիչները հանդես են գալիս հստակ եվրոպամետ ելույթներով, քանի որ նրանց կարծիքն, ամենայն հավանականությամբ, հիմնվում է գաղափարական հարցերի ու անձնական նախասիրությունների վրա ու տրամաբանորեն չեն վերլուծում, թե Եվրոպական միության հետ մոտեցումն ինչ է ենթադրում երկրի համար:

ՀԳ․ Շատ հեշտ է խաբվելը մակերեսային սիրուն փաթեթավորմանը, երբ ունես ինֆորմացիայի պակաս: Գիտեմ, որովհետև ես էլ եմ դրա միջով անցել:

Ա&Գ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել