BlogNews.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն է, ով հեռուսադիտողին հայտնի դարձավ Առաջին ալիքի «Բացիր աչքերդ» հեռուստանովելից: Անկեղծ ու հետաքրքիր զրույցում դերասանուհին պատմել է  դեբյուտային սերիալի, առաջին հոնորարի,  քննադատությունների, բաց տեսարաններում նկարահանվելու սկզբունքայնության ու անձնական կյանքի մասին չխոսելու պատճառների մասին:

- Մարիամ, ինչպե՞ս եղավ քո մուտքը հեռուստատեսություն:

- Մուտքս հեռուստատեսություն եղել է միանգամից, տարօրինակ, հասարակ ու միամիտ: Թատերականի բոլոր մյուս ուսանողների նման գնացի քասթինգի և անցա: Անսպասելի էր ինձ համար առաջին անգամ նկարահանվելը՝ տեսախցիկ, պրոֆեսիոնալ դերասանների հետ խաղ: Բարդ փուլ էր, բայց հաղթահարեցի այն շատ հեշտությամբ:

- Դեբյուտային սերիալ ու միանգամից գլխավոր դեր․ ինչպես հաղթահարեցիր բարդույթներն, ու արդյո՞ք կայացած դերասանների կողքին խաղալը դժվար չէր:

- Սկզբնական շրջանում ինձ համար շոկային էր լուրջ հեռուստաալիքում աշխատելը, բայց անցա այդ փուլը: Ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ երջանիկ եմ, որ խաղացել եմ նման դերասանների հետ, ովքեր, բացի պրոֆեսիոնալ լինելուց, շատ լավ մարդիկ են, լավ խաղընկերներ, իրենցից շատ մանրուքներ եմ սովորել՝ կապված իմ մասնագիտության հետ: Մեծերը մեզ միշտ ուղղորդել են ու օգնել: Լալա Մնացականյանը, բացի իմ խաղընկերը  լինելուց, նաև իմ դասախոսն է: Դասերից բացի շփվելով նրա հետ՝ այնքան բան կարող ես սովորել կյանքի մասին: Շնորհիվ սերիալի ունեմ լավ ընկերներ՝ Գոռ Համբարձումյան, Արուսիկ Գրիգորյան, Լևոն Հախվերդյան և այլք:

- Սկզբունքներ ունե՞ս դերերի ընտրության հարցում, ինչպիսի՞ն պիտի լինի այն, որ քեզ հետաքրքրի:

- Իմ կարծիքով՝ դերասանն իրավունք չունի սկզբունքներ չունենալու: Այո՛, սա այն մասնագիտությունն է, որ սկզբունքային պետք է լինես, ամբիցիաներ պետք է ունենաս, և ամենակարևորը՝ գերի չպետք է դառնաս քո մասնագիտությանը: Ես շատ սկզբունքային մարդ եմ․ եթե ինձ մի բան դուր չի գալիս նկարահանման հրապարակում, բարձրաձայնում եմ, խոսում, լուծում փնտրում: Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, իսկ այն դերերը, որոնք ես ընտրում եմ, պետք է գույն ունենան, հետաքրքիր լինեն, ունենան հստակ բնավորություն: Բեմում էլ եմ ես շատ սկզբունքային, և դա նրանից է, որ ես սիրում եմ իմ մասնագիտությունը:

28156484_172941643495407_3282896422071959552_n30591027_165907090895398_6119715152779542528_n- Ինչպե՞ս ես վերաբերվում բաց տեսարաններում նկարահանվելուն, կհամաձայնե՞ս, եթե այդպիսի դեր առաջարկեն:

- Բաց տեսարաններում նկարահանվելուն նորմալ եմ վերաբերվում, դերասանի որոշումն է՝ նկարահանվել, թե ոչ։ Ես ինքս չեմ նկարահանվում: Մարդիկ կան, ովքեր կոմպլեքսներ ունեն։ Եթե դերասան ես, չի նշանակում, որ պետք է համաձայնես, կամ դա քո պարտականությունների մեջ է մտնում, երբեք չեմ քննադատի, երբեք չեմ փորձի վիրավորել, ես դրա իրավունքը չունեմ:

Կհիշես՝ որքա՞ն էր քո առաջին հոնորարն ու ինչպե՞ս ես ծախսել:

- Այո, հիշում եմ, ինչպե՞ս կարելի է մոռանալ: Առաջին աշխատավարձս 11 տարեկանում եմ վաստակել՝ 2000 դրամ: «Բուրատինոյի արկածները» ներկայացման մեջ էի խաղում․ մանկական ներկայացումներն իմ թուլությունն են: Պարզ հիշում եմ՝ ինձ շատ հարուստ մարդ էի զգում, արդեն հասուն, 2000 դրամ գումար էի աշխատել: Եղբորս ծնունդն էր, և արդեն իբրև աշխատավոր ուժ՝ ցանկացա այդ գումարով նշել: Հիմա էլ է դա ժպիտ առաջացանում:) Հետո լացեցի, որ ծնողներս թույլ չտվեցին ծախսել գումարս, փոխարենն ինձ համար կոշիկ գնեցի: Այն մինչև հիմա պահում եմ:

- Ինչպե՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչած քննադատություններին, ու ո՞րն է եղել վերջին անհեթեթությունը, որ լսել ես քո մասին:

- Քննադատություններին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ խնայում եմ նյարդերս ու ինձ: Ես հունից շուտ եմ դուրս գալիս, բայց անկառավարելի էլ չեմ, աշխատում եմ ուշադրություն չդարձնել: Վերջին քննադատությունն այս քաղաքական ուժերի բախման վերաբերյալ էր, երբ այդ խառը օրերի ընթացքում  ինստագրամյան իմ էջում իմ անձնական նկարներից հրապարակեցի: Կարծես մարդիկ սպասում էին այդ քայլին: Իրար հետևից քննադատություններ․ անկեղծ՝ չեմ հիշում՝ ինչ բովանդակության էին: Միայն կարող եմ ասել, որ քննադատեցին իմ քայլը, որ ժողովրդի կողքին չեմ, նկար եմ հրապարակում, ես դրա իրավունքը չունեմ: Ես ժպտում եմ և անցնում առաջ։ Ես ազգիս կողքին եմ, ես խաղաղության կողմնակից եմ, ես իմ կուրսեցիների հետ մասնակցել եմ երթին: Ամբողջ թատերականը ոտքի էր կանգնել ու պայքարում էր: Վիրտուալ կյանքով ապրողներին խղճում եմ։ Նրանք անգույն ու անհետաքրքիր մարդիկ են ինձ համար։ Ես էլ եմ ակտիվ սոցցանցերում, բայց դա իմ կյանքի նպատակը չէ: Հետևորդներ հավաքելը չի կարող հասուն մարդու նպատակ լինել: Մի խոսքով՝ քննադատվեցի, որովհետև իմ էջերում չկային նկարներ, տեսանյութեր․ ես նկարներ չէի հրապարակել «հաղթանակ», «Նիկոլ, առաջ», «Մերժիր Սերժին» և այլ մեկնաբանություններով: Պետք է ժպտալ և անցնել առաջ:

29740210_1904023209667931_6708768242388697088_n26393680_542976902735992_256933692495101952_n- Ո՞րն է բնավորությանդ ամենաբնութագրական կողմը:

- Ես նպատակասլաց մարդ եմ, չկոտրվող ու համառորեն առաջ գնացող:

- Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ազատ ժամանակդ, եթե, իհարկե, ունենում ես:

- Լավ ասացիք՝ եթե, իհարկե, ունենում ես:) Գրեթե չեմ ունենում: Ընտանիքիս, ընկերներիս, դասերս ու կուրսեցիներիս կարոտում եմ, բայց հիմա դա է իմ մասնագիտությունը: Ծնողներս ինձ հասկանում են, իմ առջև արգելքներ չեն դնում և ամենակարևորը՝ ինձ վստահում են: Իսկ եթե բախտս բերում է, և ժամանակ եմ ունենում,  փախչում եմ քաղաքից, այս աղմուկից ու մի հանգիստ վայր գնում: Սովորաբար ինձ ընկերակցում է մտերիմ ընկերուհիս՝ Մարինան, ով նույնպես դերասանուհի է: Նրա հետ մի բան մոգոնում ենք ու երկու այլմոլորակայիններով մի բան գտնում: Սիրում եմ նաև զբոսնել Երևանում, քայլել իմ սիրելի Աբովյան փողոցով: Հետաքրքրություններ շատ կան, եթե հետաքրքիր մարդ ես լինում:

- Ի՞նչ նախասիրություններ ունես:

- Վերջին շրջանում սիրելի նախասիրությունս դարձել է քնելը: Ես երազում եմ քնելու մասին․ մանավանդ, երբ 24 ժամ նկարահանվում եմ, չեմ հագենում: Իսկ ընդհանրապես սիրում եմ կարդալ: Ի դեպ՝ սկսել եմ կարդալ Ֆրեդերիկ Դարի «Բոլորս մենակ ենք» ստեղծագործությունը։ Արդեն հրապուրված եմ, բոլորին խորհուրդ կտամ կարդալ: Թատերականում հնարավոր չէ չկարդալ: Սիրում եմ ֆիլմեր դիտել, քննարկել: Փոքր ժամանակ կավագործության խմբակ եմ գնացել․ ցավոք կիսատ թողեցի:

30593134_160917414583835_7371249639078494208_n28751737_172935050179374_2648298245125570560_nՀայտնիները հաճախ խուսափում են անձնական կյանքի մասին խոսելուց, բայց բնական է, որ երկրպագուներին նաև դա է հետաքրքում: Ինչ-որ մեկին հաջողվե՞լ է գրավել սիրտդ:

- Ես չեմ խուսափում, ոչ էլ ավելորդ ինտրիգներ եմ ստեղծում։ Ես պարզապես չեմ խոսում: Դա փակ թեմա է ինձ համար:

- Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կարողանա գրավել ուշադրությունդ, ի՞նչն ես գնահատում հակառակ սեռի մեջ:

- Տղամարդը պետք է արտաքուստ կոկիկ և մաքուր լինի: Սիրում եմ հոգատար, բարեհամբույր տղամարդկանց: Տղամարդը գիտի՝ ինչ է դուր գալիս կնոջը, ինչպես գրավի նրա սիրտը:

- Հիասթափություններ ունեցե՞լ ես, ու ո՞րն է  դրանք հաղթահարելու  քո բանաձևը:

- Այո՛, իմ կյանքում եղել են հիասթափություններ: Ես իմ մեջ ուժ եմ գտել և հաղթահարել եմ, դրանք անցյալում են, չկան: Ես կարծում եմ՝ եթե մարդիկ գնում են քեզնից, պետք է բաց թողնել և առաջ շարժվել: Իրենք եկել էին քո կյանք իրենց առաքելությունը կատարելու, ավարտելու և գնալու, նրանց պետք է ասել՝ ց-տե-սու-թյուն: Պետք չէ նրանց մաղթել երջանկություն ուրիշի հետ կամ հաջողություններ կյանքում, սուտ է այդ ամենը, ուղղակի պետք է բաց թողնել. իրենց առաքելությունը դա էր: Ունեցել եմ դժվար ու դառը օրեր, երբ, բարձդ կրծելով, ձայն չես հանում, որպեսզի քեզ չլսեն: Այո,՛ ունեցել եմ, բայց ես անցել եմ դա, ես հասունացել եմ, ես փոխվել եմ ու խորհուրդ կտամ բոլորին՝ մի խնդրեք, որ ձեզ մոտ վերադառնան այն մարդիկ, որոնք ձեզ հիասթափեցրել են։ Նրանք կգան, ներողություն կխնդրեն, կաղաչեն հետ գալ նորից ձեր կյանք, բայց մի նկատեք նրանց: Իրենք կգան, նորից ձեզ կսպանեն ներսից ու կգնան: Իսկ ինչո՞ւ երկրորդ անգամ ապրել դա:

- Ո՞րն է կյանքիդ ամենալուսավոր կետը, քեզ երջանիկ մարդ համարո՞ւմ ես:

- Ես միշտ եղել եմ այն գաղափարի կողմնակիցը, որ երջանկությունը պահ է, բայց հիմա համոզվում եմ, որ ինձ մոտ այդքան էլ այդպես չէ (ամոթ ինձ, մոռացել էի այլմոլորակային լինելուս մասին): Ես երջանիկ մարդ եմ։ Իհարկե, լինում են էմոցիոնալ ավելի բարձր վիճակներ, բայց, այո՛, ես  երջանիկ եմ, ինձ երջանկացնողը՝ նույնպես:

- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը, ինչ-որ բան փոխվե՞լ է քո կյանքում:

- Այո՛, իհարկե փոխել է․ իմ կյանքում ավելացել են ժպիտները: Ես ժպտերես մարդ եմ, երբ ինձ ժպտում են,  ակամայից երջանկանում եմ: Դերասանին ճանաչողություն է պետք, դերասաններն էգոիստ են, ես՝ ավելի շատ:)

28754017_179047716215624_4765384837613748224_n30590322_647651372232783_6782515678424334336_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել