operativ.am-ը գրում է

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կույր են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հասկանալ՝ ադրբեջանական զորքերի տեղաշարժ եղել է։

«Ճիշտ է՝ կան մարդիկ, որոնց թվում է, թե ամբողջ աշխարհն իրենց շուրջն է պտտվում, իրենց հրապարակ դուրս գալը, այս կամ այն կողմի դեմ պայքարելը կարող են պատճառ դառնալ, որ ՊԲ-ն ու ՊՆ-ն նման կեղծիքների գնային, բայց այդ մարդիկ կույր են, չեն հասկանում՝ ում հետ գործ ունեն։ Թուրքերը լարված աշխատում են, դիրքերին մոտեցրել են զրահատեխնիկա, հրետանին հանել են այն կետերը, որտեղից պետք է աշխատեն, մեր հետախուզությունն այդ ամենը ֆիքսել էր։

Մի քանի օր առաջ, հասկանալով, որ խաղաղ հանգուցալուծում է սպասվում Հայաստանում, տեսնելով, որ այստեղ չարացած, իրար վրա ատամ կրճտացնող առաջնորդները, ի վերջո, պայմանավորվածությունների են գալու, արյունահեղություն չի լինելու Հայաստանում, և արդյունքում՝ իրենք օգտվելու շատ թույլ շանսեր ունեն, լարվածությունը թուլացավ։ Ճիշտ է, նաև դեր խաղաց արտաքին, եթե ոչ՝ ճնշումը, ապա՝ սթափեցնող մի քանի հայտարարությունները։ Հիմա զորքերը մի փոքր հետ են քաշվել, արդյունքում՝ լարվածությունը մի փոքր թուլացել է։ Բայց լարվածությունը մեր զորքերի և թուրքերի մոտ շարունակում է մնալ»,- պարզաբանեց հետախույզը։

Վարդանովն ընդգծեց՝ եթե այս տարածաշրջանում փառատոնի նման բան անցկացվեր, և ինքը ժյուրիի անդամ լիներ, ապա ամենաբարձր գնահատականը կտար Ադրբեջանի վերլուծական կենտրոններին. «Նրանք շատ ճիշտ հետևություններ արեցին՝ ներքին լարվածությունը հաշվի առնելով։ Ալիևի խնդիրը Հայաստանում սպասվող իրավիճակից օգտվելն էր, ինչ-որ տեղ նա հասավ հաջողության՝ զորքերի տեղաշարժով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել