Panorama.am-ը գրում է.

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատրաստվում է այսօր հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ Երևանում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության կազմում:

«Ինձ թվում է՝ երկար պետք չէ բացատրել՝ ինչու ենք եկել, մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ թեպետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանում շատերն են ճանաչում և բարձր են գնահատում, սակայն անձամբ այնքան էլ ծանոթ չէ: Զատուլինը նշեց՝ որքան իրեն է հայտնի, Կարապետյանի վարկանիշը Հայաստանում վատը չէ, և իրենք կցանկանային պարզապես նրան սատարել, սակայն որևէ մեկի կողմնակիցը չեն: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անցնի օրինական ճանապարհով, և Ռուսաստանը ուշադիր հետևելու է դրան, ու ով էլ փորձի ուժով հասնել ինչ-որ հաղթանակի, Ռուսաստանն այդ արդյունքները չի ընդունելու:

Զատուլինը նշեց, որ իրենք ներհայաստանյան իրադարձություններին որևէ կերպ չեն միջամտելու, իրենց գործառույթը չէ՝ ով է լավը, ով՝ վատը, իրենք մտահոգ են, որ ՌԴ դաշնակից երկրում, երկրում, որի հետ կապված են ՀԱՊԿ պայմանագրով, որտեղ գլխավոր ներդրող են, որտեղ իրենց զինծառայողներն են, այդ երկրում առաջին շաբաթը չէ, որ իրադարձություններ են տեղի ունենում:

«Մենք դրանով անհանգստացած ենք և ժամանել ենք Հայաստան: Սա արդյունքների ամփոփման ասուլիս չէ, առջևում կարևոր հանդիպումներ են սպասվում: Ես անկեղծորեն անհանգստանում եմ, հուսով եմ՝ ելք կգտնվի, և այդ ելքը կլինի իրավական-սահմանադրական ճանապարհով: Դա ևս մեզ անհանգստացնում է»,- ասաց նա:

Զատուլինը հայտնեց, որ երեկ հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ, պատվիրակության կազմից ոմանք հանդիպում ունեցան միջխորհրդարանական հանձնաժողովի, իսկ այսօր խմբակցությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել