Տեխնիկայի ու ինֆորմատիկայի այսպիսի զարգացվածության պայմաններում ի՞նչ մի դժվարություն է Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կողմից իրեն տրված գրանտի դիմաց ադրբեջանական ցանկացած ֆիլմ թարգմանելուց հետո տեղադրել Youtube-ում, որից հետո link-ը տեղադրել facebook-ում, և ով ցանկություն ունի թող նայի: Ո՞ւմ է պետք և ի՞նչ նպատակով, որ այդ ֆիլմերի համար մի դահլիճում մարդկանց հավաքեն ու ցուցադրություն կազմակերպեն: Այո, որոշներին պետք է, որպեսզի ցույց տան միաջազգային հանրությանը, որ արդեն հաջողությամբ գնում է մեր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու գործընթացը՝ քաղաքացիական հասարակության մակարդակով: Մի դահլիճում մի քանի օր ֆիլմ ցուցադրելով հազիվ մի քանի հարյուր մարդ կարող է մասնակցել կինոդիտմանը, իսկ համացանցի միջոցով գուցե հազարներ ու տասնյակ հազարներ: Բայց ինչո՞ւ չի արվում սա: Քանի որ ինտերնետային դիտումները չես կարող մի տեղ հավաքել ու քարոզչական նպատակով օգտագործել: Եվ եթե Հայաստանում քաղաքական ու հասարակական գործիչները, հասկանալով այս պարզունակ ու նենգ հնարքի էությունը, դեմ են հանդես գալիս, նշելով հարևան երկրի կողմից մեր երկրի նկատմամբ բազում թշնամական արարքների մասին, պետք չի անցկացվելիք կինոդիտումը ընդամենը անշառ ակցիա համարելով հակադրվել այդ կարծիքներին: Սա բավական վտանգավոր ու հեռուն գնացող ակցիա է, որը եթե չի ապահովվում համարժեքությունը, որ նույնն էլ կատարվի Ադրբեջանում, նշանակում է ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ մեր հայ հասարակությունը զիջումների արդեն պատրաստ է, մնում է իշխանությունների ու քաղաքական վերնախավի վրա ճնշում բանեցնել ու հարցը կլուծվի: Ի՞նչ է այնտեղ ԱՄՆ դեսպանատուն չկա՞, կամ էլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներ, որպեսզի ֆինանսավորեն այնտեղի միջոցառումը:
Միջազգային կազմակերպությունները խաղաղությանը նախապատրաստվելու կոչ անում են երկու ժողովուրդներին հավասարապես ու միաժամանակ: Եվ եթե մի կողմը դրան չի գնում, ընդակառակը, ավելի ագրեսիվ դառնող հռետորաբանությամբ ատելություն ու թշնամանք է սերմանում, նշանակում է միակողմանի տոլերանտությունը թշնամու հանդեպ, նիրհող պատերազմի պայմաններում, ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ դավաճանություն: Աստվածաշնչյան դիտարկմամբ. քարերը նետելու ժամանակին պետք է հաջորդի քարերը հավաքելու ժամանակը: Մեր և Ադրբեջանի դեպքում քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել: Ավելին, թշնամու կողմից քարանետումները դեռ ակտիվ կերպով շարունակվում են, կնշանակի մեր քայլերն էլ պիտի լինեն համարժեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել