«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով այսoր տեղի ունեցած վարչապետի ընտրությանը՝ նշում է, որ պետական ինստիտուտներն այս անգամ ևս չստացան ժողովրդի վստահությունը: Կոնգրեսի ձևակերպմամբ՝ շարունակվում է ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման արատավոր շղթան:
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարարների բողոքի ներքո:
Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, և որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:
Նման պայմաններում բնական է հանրության և հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որևէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:
Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից և հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի և առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:
Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը և պայքարը հանուն ժողովրդավարության հետևողականորեն շարունակվելու է մինչև վերջնական հաղթանակ:
Հայ Ազգային Կոնգրես»