Ամերիկա տեղափոխվելիս ներգաղթյալներն ամենամեծ դժվարությունը համարում են չափման համակարգի  փոփոխությանը հարմարվելը. ավանդական մետրային համակարգի, Ցելսիուսի աստիճանի և կիլոգրամների փոխարեն մարդկանց առջև նոր աշխարհ է բացվում, որտեղ չափման միավորներն ամբողջովին փոփոխվում են, և որոնք, ըստ այդ մարդկանց, անտրամաբանական են: Հետաքրքիր է այն փաստը, որ ԱՄՆ-ն մի ժամանակ ունեցել է հնարավորություն մնացածի նման մետրային համակարգն ընդունելու, սակայն նրան խանգարել են բրիտանական ծովահենները:

Այս պատմությունը հրապարակել է Washington Post պարբերականը՝ հուսալով, որ ամերիկացիները կզգան հնարավորության առկայությունը, կմտափոխվեն և կանցնեն ավելի հասկանալի, պարզ ու տրամաբանական մետրային համակարգին կամ, ինչպես այսօր անվանում են դրան, Միավորների միջազգային համակարգին:

Սակայն խոսքը գնում է այն ժամանակների մասին, երբ փարիզյան գիտնականները որոշեցին առաջին անգամ չափման բոլոր միավորները բերել միասնական համակարգի: Այդ նպատակով նրանք ամերիկյան կոնգրեսին առաջարկեցին ընդհանուր համաձայնության գալ: Այդ ժամանակ պետքարտուղարը Թոմաս Ջեֆերսոնն էր, ով համաձայնեց ունիֆիկացնել չափման համակարգը: Այսպես՝ 1793 թ. Փարիզից Ամերիկայի ուղղությամբ նավ ուղարկվեց, որի վրա բուսաբան ու ազնվական Ջոզեֆ Դոմբին բերում էր մետրային համակարգի երկու ստանդարտներ՝ գավազան, որի երկարությունը հավասար էր ուղիղ մեկ մետրի, և պղնձե մխոց, որի քաշը կազմում էր ուղիղ մեկ կիլոգրամ:

Դժբախտաբար, Ատլանտիկայով անցնող ճանապարհին փոթորիկ սկսվեց, որի արդյունքում նավը, որի վրա Դոմբին էր, հասավ Կարիբյան ծով՝ տեղի ծովահենների ձեռքերին: Իրականում ծովահեններն իրենք իրենց այդպիսին չէին համարում. նրանք բրիտանացի հպատակներ էին, որոնք թագուհու կողմից անմիջականորեն թույլտվություն էին ստացել հարձակվելու ոչ բրիտանական յուրաքանչյուր նավի վրա: Սակայն, ըստ էության, նրանք զբաղվում էին ծովահենությամբ: Այնպես որ, ֆրանսիական էկիպաժը՝ ակադեմիկոս Դոմբիի հետ միասին, բանտում հայտնվեց: Վերջինս երկար չկարողացավ գերության մեջ մնալ և մահացավ: Իսկ նրանց ողջ ունեցվածքը, որը գտնվում էր նավի մեջ, ներառյալ չափման ստանդարտները, վաճառվեցին աճուրդի ընթացքում:

Մի քանի տարի անց Ֆրանսիան կրկին փորձեր կատարեց Ամերիկայի հետ բանակցություններ տանելու չափման միավորների ունիֆիկացման վերաբերյալ, սակայն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն արդեն Էդմունդ Ռենդոլֆն էր, ում համար նման փոփոխություններն անօգուտ էին ու անհետաքրքիր: Այսօր Միավորների միջազգային համակարգը հիմնական է համարվում աշխարհի երկրների մեծ մասում և կիրառվում է տեխնիկայի ոլորտում: Իսկ ԱՄՆ-ն, ինչպես նաև Լիբերիան և Մյանման մինչ օրս սեփական չափման համակարգն են գործածում:

Կարմիրով նշված են պետությունները, որտեղ մետրային համակարգն այսօր հիմնական չէ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել