operativ.am-ը գրում է

Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը չի գործելու։ Այն փակ է լինելու։ Մետրոպոլիտենի աշխատակազմը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Նշենք, որ սա հաջորդել է «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որի համաձայն արդեն այսօր առավոտյան շարժման ակտիվիստները մտադիր են կաթվածահար անել Երևանի երթեւեկությունը, խոչընդոտել կամուրջների վրա տեղի ունեցող անցուդարձը, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատանքը:

Հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀ Ոստիկանությունը՝ նշելով, որ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար:

Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»,- գրված է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել