Մութ միջանցքներ, խորհրդավոր սենյակներ, գրապահարանների ետևում թաքնված գաղտնիքներ... Պարզվում է՝ բացի պատմություններից՝ սրանք գոյություն ունեն նաև իրական կյանքում։ Մեզ հայտնի տարբեր տեսարժան վայրեր, շինություններ ևս ունեն գաղտնի սենյակներ։

Մոխրոտիկի գաղտնի սենյակը

Disney World-ն աշխարհի ամենակախարդական վայրն է և, ինչպես բոլոր կախարդական վայրերը, այն ևս լի է գաղտնիքներով։ Պատկերացնու՞մ եք, որ այստեղ մի սենյակ կա՝ ոսկեզօծ, գունավոր լուսամուտներով, ջակուզիով ու շատ այլ հիանալի ատրիբուտներով։ Ու Դուք կարող եք մնալ այնտեղ։ Ճիշտ է, չեք կարող այն ամրագրել, բայց գոնե կարող եք այցելել ու մնալ այնքան, մինչ աշխատակիցները կնկատեն Ձեզ։

Վատիկանի տակ թաքնված սենյակ

Վատիկանն ընդհանրապես հայտնի է իր առեղծվածային պատմություններով։ Պարզվում է՝ Վատիկանում մահացած մարդկանց մի հսկայական քաղաք կա՝ դամբարանադաշտ, ուր կարող եք այցելել։ Հավանաբար այստեղ է գտնվում առաջին Հռոմի պապի աճյունը։

 Գաղտնի բնակարան՝ Էյֆելյան աշտարակի վերևում

Մեզ շատ հայտնի Էյֆելյան աշտարակը դարձել է Ֆրանսիայի այցեքարտը, ու բոլորը հիանում են դրանով, բայց քչերին է հայտնի, որ այնտեղ ժամանակին մի մարդ է ապրել։ Այո՛, այո՛, և այդ մարդը Գուստավ Էյֆելն է։ Աշտարակի վերևի հարկում կա մի բնակարան, որը շատերն են ցանկացել ձեռք բերել։ Բայց չնայած առաջարկվող մեծ գումարներին՝ Գուստավը մերժել է բոլորին ու չի վաճառել այն։

Ռաշմոր լեռան սենյակը

Աբրահամ Լինկոլնի գլխի ետևում մի գաղտնի սենյակ կա՝ նախագծված Ամերիկայի պատմությունը պահելու համար։ Ցավոք, այն փակ է, ու զբոսաշրջիկները չեն կարող մուտք գործել այնտեղ։ Այդ սենյակում Ռաշմոր լեռան ստեղծողն սկսել է ուսումնասիրել Ամերիկայի պատմական փաստաթղթերը, բայց չի հասցրել գործը մինչև վերջ տանել։ Նրա մահվանից հետո եկել են ուրիշներն ու ավարտել, բայց նրանք հոգացել են, որ այցելուների համար սենյակը հասանելի չլինի։

Սենյակ՝ Վաշինգտոնի կամարի մեջ

Նյու Յորքի Վաշինգտոն հրապարակում գտնվող այս կամարը բոլորը գիտեն, բայց Դուք կզարմանաք՝ իմանալով, որ այն գաղտնի վերնահարկ ունի։

Այնտեղ հայտնվելն իսկական արկած է։ Նախ՝ պետք է գտնել շատ փոքրիկ դուռ, հետո երկար ու նեղ թունել է, որի վերջում էլ՝ մի քանի աստիճան։ Փոքրիկ, մութ վերնահարկում Դուք կգտնեք դռնակով անցք, որտեղից կարող եք մագլցել տանիք։ Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ։ Սենյակը փակ է, բացի այդ՝ տանիքը նախատեսված չէ մարդկանց քաշը պահելու համար։

Գաղտնի սենյակներ՝ բուրգերի ներսում

Թվում է՝ բուրգերն ավելի շատ գաղտնիքներ են թաքցնում, քան մենք մտածում ենք։

Օրինակ՝ Քեոփսի ներսում վերջերս գաղտնի սենյակ է հայտնաբերվել, որը եգիպտական բուրգերում հայտնաբերվածներից ամենամեծն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել