Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նույնպես տուժել է գաղտնի տվյալների արտահոսքից։ Այս մասին հաղորդում է The Verge-ը։

Հարցը տվել է կոնգրեսական Աննա Էշուն։ Պարբերականը նշում է, որ պարզ չէ, թե ինչպես են Ցուկերբերգի տվյալները հայտնվել Cambridge Analytica-ի տնօրինության տակ. արդյո՞ք նա ներբեռնել է thisisyourdigitallife հավելվածը, թե՞ դրանք խորհրդատվական ընկերության ձեռքն են ընկել նրա ընկերներից մեկի միջոցով։

Կոնգրեսականները Ցուկերբերգին հարցաքննում են սենատորներից հետո, ովքեր Facebook-ի ղեկավարին հարցեր էին տալիս ապրիլի 10-ին սոցցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի կապակցությամբ։

Facebook-ն ընդունել է, որ քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությանը հասանելի են դարձել 87 միլիոն մարդու անձնական տվյալներ։ Դա արվել է thisisyourdigitallife հավելվածի միջոցով, որ խոստացել էր կազմել այն ներբեռնող օգտատիրոջ հոգեբանական պատկերը։ Բարձրացված աղմուկից հետո Ցուկերբերգը ներողություն է խնդրել օգտատերերից, իսկ սոցցանցը խոստացել է արգելել օգտատերերի տվյալների հասանելիությունը կողմնակի հավելվածներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել