Այսօր՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը, որին կմասնակցի 1300 մարդ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ: 

ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ լրագրողներն արարողությանը կհետևեն Ազգային ժողովից։ 

ԱԺ այսօրվա հատուկ նիստը կբացի ԱԺ նախագահը, ինչից հետո դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

ՀՀ նորընտիր Նախագահը կհրավիրվի ամբիոնի մոտ և կընթերցի երդման տեքստը։ ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնում է ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի»:

Այնուհետև ՀՀ Նախագահը կստանա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությունը։ Դրանից հետո արդեն պաշտոնն ստանձնած նախագահն իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին և դրանով նիստը կավարտվի։ 

Այսօր ուժի մեջ է մտնում Սահմանադրության համապատասխան դրույթը (հոդված 212), որը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում՝ապրիլի 9-16-ը ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ՀՀ 4-րդ Նախագահի երդմնակալության արարողության գլխավոր փորձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել