Նորից եկա իմ սիրած թեմային՝ հարաբերություններին։

Ուրեմն,
Նկատել եմ, որ մարդիկ բաժանումից խուսափելու համար ընտրում են ինչ֊որ ծայրահեղական եղանակներ։ Դրանցից ամենատարածվածներն են հետեւյալ երկուսը․
 0. Գրավել ամեն գնով
 1. Հեռու մնանք, տեսնենք ինչ կլինի։

  Երեկ մի ֆիլմ էի նայում, որի մեջ, թերապեւտը վերլուծում էր, թե ինչ է տեղի ունենում մի ինչ֊որ զույգի մոտ։ Նա ասում էր, որ տղան զգում է, որ աղջիկը հեռանում է իրենից, ու սկսում է ամեն ինչ անել, որ պահի նրան։ Էքստրա ջանքեր է գործադրում, ու դրանից աղջիկը ավելի է հեռանում։

   Ու այո, այս սցենարը շատ տարածված է, այն չի ունենում հաջողություն, որովհետեւ հարաբերությունը փորձում է պահել միայն մի կողմը, ու այդ ընթացքում, նա չի զգում, որ ինքը ինքը չի, ու ավելի լավ է էդպես չանի։

 Կողքից շատ ակնհայտ է, որ աղջկան պահելու ձեւը լավը չէ, բայց նման իրավիճակի կյանքում հանդիպելու հաճախականությունը հուշում է, որ երբ մեջն ես, այնքան էլ լավ չի երեւում արածդ քայլերի անիմաստությունը, ու նույնիսկ վնասողական լինելը։

  Մյուս տարբերակում, մարդիկ որոշում են մի որոշ ժամանակ չհանդիպել։ Նախ, ասեմ, որ նման դեպքում, երբ ստույգ ժամանակ չի որոշվում, թե ինչքան չեն հանդիպելու, այլ օդի մեջ ասվում է՝ «դե մինչեւ հասկանանք» կամ «մինչեւ ուզենանք հանդիպել», ապա դա հաստատ վերջն է։

  Հիմա բացատրեմ, թե ինչու եմ այս եղանակին վատ վերաբերվում։

 Նախ ասեմ, որ միշտ չէ, որ վատ եմ վերաբերվում։ Այն վատ չէ, երբ խնդիրները նոր ես սկսել։ Այսինքն, երբ կա խնդիր, որը լուծել չի ստացվում զույգի մոտ, ու արժի մի որոշ ժամանակ չտեսնվել, ու առանձին֊առանձին մտածել, արդյո՞ք խնդիրը այնքան կա, որ բաժանվեն, ու ինչ հնարավոր լուծումներ կարող են առաջարկել իրար։

  Իսկ երբ արդեն խնդիրները բազմազան են, որոնք լուծում չեն ստացել ճիշտ ժամանակին, իրենց առաջացման ժամանակին, ու արդեն արմատ են տվել, ապա ժամանակավոր բաժանումը անիմաստ է։ Ժամանակավոր բաժանվել֊չբաժանվել, խնդիրների նման բազմություն դժվար թե գտնվի զույգ, որ կարողանա ինքնուրույն լուծել, ու ելքը միակն է։

  Հիմա, մի քիչ ավելի մանրամասն ասեմ, այս վերջին միտքս։

  Ընդհանուր առմամբ, նկատի ունեմ, որ խնդիրները շատ փոխկապակցված են, ու երբ շատ խնդիրներ լուծում չեն ստանում, ապա հետո այդ կծիկը քանդել դժվար է։

Ժամանակավոր բաժանման համար նախատեսված ժամանակը չի կարող մի ինչ֊որ թվից մեծ լինել, որովհետեւ այդքանից ավելի երկար բաժանման դեպքում, մարդկանց մոտ կապը չի մնա առհասարակ։

Իսկ ավելի փոքր ժամանակահատվածում, մարդիկ պարզապես չեն կարողանա, իրենք իրենց մեջ լուծել այդ բոլոր խնդիրները, ու գուցե պարզապես իրենք իրենց համոզեն, թե հա, էս մի բանի հետ կհամակերպվեմ, էս մեկը կուլ կտամ, էն մեկն էլ՝ չտեսնելու։ Բայց իրականում, եթե նույնիսկ երկկողմանի այդպես անեն, մեկ է, ամենաշատը մոտ մի ամսից էլի կսկսեն նույն խնդիրները գլուխ բարձրացնել։

 Մարդը չի հասցնի այդքան փոքր ժամանակահվածում այդպիսի լուրջ ներքին փոփոխություններ կրել, ցավոք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել