Ավելի քան մեկ շաբաթ է՝ Ջավախքի Ախալցխա քաղաքի հայկական դպրոցի շուրջ չեն հանդարտվում կրքերը։ Խնդիրն առաջացել է Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովայի հայտարարությունից հետո:

Նա հայտարարել է, որ երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի է ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․ «Թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ ցեղասպանություն է եղել»,- ասել է նա։

Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և դպրոցի տնօրենը պատրաստվում է այն իրագործել, ապա սա հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանզի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ջավախքում օրեցօր մեծ թափ ստացող թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր լցնել:

Ջավախքում գործող հայկական հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված հայազգի ներկայացուցիչները և Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները պետք է օր առաջ պարզեն այս զազրելի և հակահայ հայտարարության իսկությունը և առաջարկեն դպրոցի տնօրենին և ուսուցչական կոլեկտիվին, որ ապրիլի 24-ին կազմակերպեն ու հավուր պատշաճի դպրոցի դահլիճում անցկացնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումը՝ թատերական բեմականացումներով, դատապարտող ելույթներով, ճանաչման պահանջներով, ինչպես կազմակերպել և անցկացրել են նախորդ տարիներին՝ անկախ Վրաստանի բոլոր իշխանությունների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել