Կարմիր գորգ, մեծանուն արտիստներ, հատուկ հյուրեր, մշակույթի գործիչներ, համերգային գեղեցիկ համարներ և ամենակարևորը` անվանակարգեր և հաղթողներ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: BlogNews.am-ը ներկա է եղել երաժշտական տոնին, ֆիքսել ամենահետաքրքիր պահերը և ներկայացնում է մրցանակակիրներին:
Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում արարող անհատների և ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու, ինչպես նաև երաժշտական բնագավառում նշանակալի նվաճումները հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն մեկնարկեց միանգամից երեք ժանրերում` դասական, ժողովրդական և փոփ: Երեկոյի ընթացքում մրցանակներ հանձնեցին 20 հիմնական և 9 հատուկ անվանակարգում:
Մրցանակաբաշխության հաղորդավարական զույգը Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանն էին: Համերգային ծրագրի ընթացքում եղան նաև պրեմիերաներ։ Երաժշտական կատարումներով ներկայացան դուդուկահար Կամո Սեյրանյանը, Ալլա Լևոնյանը, Արամ mp3-ը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Կարեն Սևակը, Արթուր Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք:
Հատուկ մրցանակներ՝
Ժողովրդական ժանրում մրցանակներ ստացան՝
Լավագույն երաժիշտ-կատարող՝ Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն ժողովրդական երգիչ՝ Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ՝ «Քեզ եմ հիշում», Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
Մասսայական երաժշտության ժանրում մրցանակներ ստացան՝
Տարվա լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան
Լավագույն ալբոմ՝ «Զարմանալի և անսովոր», Yellow Stones
Լավագույն տեսահոլովակ՝ «Սիրո հավերժ քաղաք», Հայկո (ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ՝ «Սիրո հավերժ քաղաք», Հայկո
Տարվա հիթ՝ «Լուսին», Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան
Տարվա հայտնություն՝ Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան
Տարվա լավագույն երգիչ անվանակարգը հանձնեցին Մանե Գրիգորյանը և Արթուր Գրիգորյանը: Վերջինս կատակեց` փառք Աստծո, լավ երգիչ է հաղթողը: Խոսքը Էրիկ Կարապետյանի մասին էր, ով առաջին անգամ տարվա լավագույն երգիչ ճանաչվել էր 2011 թվականի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ. «Յոթ տարի անց ես կրկին ստանում եմ այս մրցանակը: Դա ինձ համար մեծ հաղթանակ է: Ամեն մի մրցանակ նոր ճանապարհ է, նոր հաղթանակ է: Ես հույս ունեմ, որ չեմ հիասթափեցնի իմ հանդիսատեսին, քանի որ սա նաև ձեր մրցանակն է, քանի որ առանց ձեզ ես այս մրցանակին չէի արժանանա: Չէր լինի այս մրցանակը, եթե չլինեին այն մարդիկ, ում հետ ես աշխատել եմ: Սա նաև իմ ընտանիքի մրցանակն է, որովհետև առաջին հերթին նրանք են իմ կողքին, և այս մրցանակը նաև մի մարդունն է, ով, վստահ եմ, այս պահին դիտում է. Լանայինն է»: