Panorama.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը չսրելու Ռուսաստանի ձգտումը Բաքվի մոտ ամենաթողության զգացում է առաջացնում, ինչպես նաև սեփական հնարավորությունների ոչ ադեկվատ ընկալում, ինչից օգտվում է նաև Անկարան: Այդ մասին գրում է «Военное обозрение» կայքի թղթակից Բորիս Ջերելիևսկին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևի հայտարարություններին: 

Ջերելիևսկու խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ տիրող քաղաքական իրավիճակը կրկին սրվում է: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մ. Հակոբյանը նշել էր, որ հակառակորդի զսպումը չի նշանակում միայն պասիվ պաշտպանություն, այլ ենթադրում է նաև հակահարված: Հոդվածագրի կարծիքով՝ նման թեմայով հարցազրույցը և հարցի նման դիտարկումը դժվար թե կարելի լինի համարել ագրեսիվ մտադրությունների դրսևորում, հատկապես ներկայիս իրավիճակի համատեքստում:

Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման մասին, ավելին, երկրի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային հայտարարել է, որ իր երկրի ռազմավարական նպատակը հարևան երկրի ոչնչացումն ու նրա տարածքների բռնազավթումն է:

«Հայ հասարակության անհանգստությունը նմանատիպ ելույթների պատճառով լիովին հասկանալի է, հատկապես որ Բաքուն ինտենսիվ կերպով ռազմական պատրաստություններ է տեսնում», - նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ հարցազրույցի ընթացքում Հակոբյանի հնչեցրած պատասխանները հակառակորդին զսպելու և պատերազմի կանխմանն ուղղված քայլերի ձեռնարկման մասին, բավականին տրամաբանական էին:

Ինչպես նշում է հեղինակը, Բաքվում այդ հայտարարությունները դիտարկեցին որպես վերբալ ագրեսիայի դրսևորում, իսկ Վելիևը կրկին հայտարարեց, որ «Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ ցանկացած ուժի և միջոցների դիմելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել