Երեկ՝ մարտի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: 1996 թվականին հիմնադրված մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է Թատրոնի միջազգային օրը: 
Այն այս անգամ նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:  Մրցանակակիրներին ու երեկոյի հետաքրքիր դրվագները ներկայացնում ենք BlogNews.am-ի ֆոտաշարքում:

Մրցանակաբաշխության սկզբում մեծ էկրանին ցուցադրվեց Ալեքսանդր Գրիգորյանի մտորումների մասին պատմող տեսաֆիլմ: Մրցանակաբաշխությունը վարում էին Լուիզա Ներսիսյանն ու Վիգեն Ստեփանյանը: Միջոցառումն անցկացվում էր Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ,  որին ներկա էին երևանյան և մարզային թատրոնների դերասաններ, դրամատուրգներ, բեմանկարիչներ և այլք: Սկզբնական շրջանում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը ու այսօր հասել տասնյակների:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջույնի խոսքում շտապեց հիշեցնել հայտնի ճշմարտությունն այն մասին, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ,  հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում. «Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիրը, հայրենիքը: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարը: 

07 copy
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է, քանի որ թատրոնն ունի տաղանդավոր ստեղծագործողներ. ««Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին»: 

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյանը:

10 copy

Ներկայացնում ենք «Արտավազդ»-ի անվանակարգերն ու մրցանակակիրներին.

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին՝ «Ռևիզոր» ներկայացման համար, և Միքայել Վաթինյանին՝ «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյան «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը՝ «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը՝ «Անասնաֆերմա» ներկայացման համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Մարիամ Մուրադյանը: 

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի  «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը։

«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին՝ Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

Հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին՝ «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:

09 copy14 copy17 copy24 copy26 copy27 copy28 copy29 copy30 copy32 copy35 copy40 copy41 copy43 copy44 copy46 copy47 copy50 copy52 copy54 copy55 copy57 copy61 copy62 copy64 copy15 copy65

Այս տարի ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնը կանցկացվի նաև Գորիսում մարտի 29-ին:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել